ԱԼԻԵՎԸ ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀՆՉԵՑՐԵԼ
Իլհամ Ալիևը Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ հերթական անգամ մի շարք սադրիչ և սպառնալից հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Նա կրկին հայտարարել է, թե իբր Արցախում Հայաստանի զինված ուժեր կան: Ադրբեջանի նախագահը հերթական անգամ պնդել է, որ Արցախի պաշտպանության բանակը պետք է զինաթափվի և զորացրվի:
Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը խոչընդոտում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը, ինչը, նրա խոսքով, իբր ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, թե իբր Հայաստանը Նախիջևանի հետ սահմանի երկայնքով օտարերկրյա ընկերության ներգրավմամբ վնաս է տալիս բնությանը և ոչնչացնում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը:
Ալիևի թիրախում է հայտնվել նաև Ֆրանսիան: Նա մտահոգություն է հայտնել, թե Փարիզը հայամետ քաղաքականություն է վարում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Ֆրանսիան հանդես է գալիս որպես հայերի պաշտպան, սակայն միաժամանակ չի հարգում էթնիկ փոքրամասնություններին սեփական երկրում: Ալիևը նաև մեղադրել է Փարիզին այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար:
«ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ» ՄՈՍԿՎԱՅԻՑ ՉՎԵՐԹԵՐ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
«Վրացական ավիաուղիներ» ընկերությունը հուլիսի 5-ից թռիչքներ կիրականացնի Մոսկվայից Նիցցա՝ Թբիլիսիով տարանցիկ չվերթի միջոցով։ Բացի Նիցցայից, Georgian Airways-ը տարանցիկ չվերթեր է իրականացնում նաև Մոսկվայից Փարիզ, Ամստերդամ, Վիեննա, Սալոնիկ, Թել Ավիվ, Միլան, Բեռլին և Լառնակա։
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին 10 տարով պատժամիջոցներ է կիրառել Georgian Airways ավիաընկերության և նրա ղեկավարության դեմ՝ Ռուսաստանի հետ գործակցելու համար։ Դրանք նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործարքների և կապիտալի դուրսբերման սահմանափակում։
ՖԻԴԱՆԸ՝ ՆԱՏՕ-ԻՆ ՇՎԵԴԻԱՅԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարը կասկած է հայտնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության նպատակահարմարության կապակցությամբ: Հաքան Ֆիդանի խոսքով՝ հարկավոր է հասկանալ՝ արդյոք դա ռազմավարական անվտանգության տեսանկյունից բե՞ռ կլինի դաշինքի համար, թե՞ առավելություն:
Անդրադառնալով վերջերս Ստոկհոլմում Ղուրանն այրելու հերթական ակցիային՝ նա նշել է, թե Շվեդիայի անվտանգության համակարգն ի վիճակի չէ կանխելու սադրանքները, իսկ դա խնդիրներ կստեղծի ողջ դաշինքի համար։
Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը Անկարայից բացի խոչընդոտում է նաև Բուդապեշտը: Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ իր երկիրը մշտապես խորհրդակցում է Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին Ստոկհոլմի անդամակցության վավերացման հարցով և չի ձգձգի գործընթացը, եթե միայն Անկարայի և Ստոկհոլմի բանակցություններում առաջընթաց լինի։
ԶԵԼԵՆՍԿԻՆ ԵՎ ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՐԵԼ ԵՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ
Վոլոդիմիր Զելենսկին Վիլնյուսում հուլիսի 11-12-ը նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ հեռախոսազրույց է ունեցել Ենս Ստոլտենբերգի հետ: Ուկրաինայի նախագահը շնորհակալություն է հայտնել դաշինքի գլխավոր քարտուղարին՝ Կիևի եվրատլանտյան ինտեգրմանն աջակցելու համար։ Ուկրաինական կողմի տվյալով՝ Զելենսկին և Ստոլտենբերգը գագաթնաժողովին ընդառաջ համաձայնեցրել են դիրքորոշումները: Բացի այդ, կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը և Ռուսաստանում վերջին զարգացումները։
Զելենսկին զրուցել է նաև Էմանուել Մակրոնի հետ, քննարկել Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրման հեռանկարը: Նախագահները պայմանավորվել են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ վերահսկողության տակ պահել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Զելենսկին չի մասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե դաշինքի առաջնորդները պատրաստակամություն չցուցաբերեն Կիևի եվրատլանտյան ինտեգրման հարցում: Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան նշել է՝ հասկանում են, որ Ուկրաինան չի կարող դաշինքի լիիրավ անդամ դառնալ, քանի դեռ պատերազմը շարունակվում է, սակայն Կիևն ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն գոնե պետք է մեկնարկի դաշինքին Ուկրաինայի անդամակցության գործընթացը: