ԱԼԻԵՎԸ ԴԱՐՁՅԱԼ ՍՊԱՌՆԱԼԻՑ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՀՆՉԵՑՐԵԼ
Իլհամ Ալիևը Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման ժամանակ հերթական անգամ մի շարք սադրիչ և սպառնալից հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի հասցեին: Նա կրկին հայտարարել է, թե իբր Արցախում Հայաստանի զինված ուժեր կան: Ադրբեջանի նախագահը պնդել է, որ Արցախի պաշտպանության բանակը պետք է զինաթափվի և զորացրվի:
Ալիևը նաև նշել է, թե Հայաստանը խոչընդոտում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը, ինչը, նրա խոսքով, իբր ամրագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։
Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, թե իբր Հայաստանը Նախիջևանի հետ սահմանի երկայնքով օտարերկրյա ընկերության ներգրավմամբ վնաս է տալիս բնությանը և ոչնչացնում Ադրբեջանի պատմամշակութային ժառանգությունը:
Ալիևի թիրախում է հայտնվել նաև Ֆրանսիան: Նա մտահոգություն է հայտնել, թե Փարիզը հայամետ քաղաքականություն է վարում: Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝ Ֆրանսիան հանդես է գալիս որպես հայերի պաշտպան, սակայն միաժամանակ չի հարգում էթնիկ փոքրամասնություններին սեփական երկրում: Ալիևը նաև մեղադրել է Փարիզին այլ երկրների ներքին գործերին միջամտելու համար:
ԱԼԻԵՎՆ ՈՒ ՖԻԴԱՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Ադրբեջանի նախագահը Չմիավորման շարժման գագաթնաժողովի շրջանակում ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին: Իլհամ Ալիևն ու Հաքան Ֆիդանը քննարկել են Հարավային Կովկասի զարգացումները, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովման գործընթացները։
ԻՐԱՆԸ ԴԵՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆԸ
Ալիևն ընդունել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին: Օրակարգում են եղել տարածաշրջանային զարգացումները, Բաքու-Թեհրան երկկողմ հարաբերությունները:
Իրանի գլխավոր դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանն աջակցում է Հարավային Կովկասում վեճերի խաղաղ կարգավորմանը։ Աբդոլլահիանը նաև հավելել է, որ Իրանն աջակցում է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը, սակայն ևս մեկ անգամ շեշտել է՝ Իրանը դեմ է և միշտ դեմ է եղել տարածաշրջանում սահմանների փոփոխությանը: Մտքեր են փոխանակվել նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալով նաև՝ Ալիևը հույս է հայտնել, որ Իրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ վերջերս իրականացված հարձակման մեղավորները կպատժվեն: Իրանցի գլխավոր դիվանագետը նշել է, որ տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են: Աբդոլլահիանն էլ հույս է հայտնել, որ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան գործունեությունը շուտով կվերսկսվի։ Նա նաև գոհունակություն է հայտնել, որ Բաքու-Թեհրան դիվանագիտական հարաբերություններում դրական դինամիկա է նկատվում:
ԱԷՄԳ-Ն ԶԱՊՈՐՈԺԻԵԻ ԱԷԿ-ՈՒՄ ԱԿԱՆԱՊԱՏՄԱՆ ՀԵՏՔԵՐ ՉԻ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աշխատակիցները ռուսական վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ԱԷԿ-ում ականապատման հետքեր չեն հայտնաբերել, հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ Նա մտահոգություն է հայտնել, որ կայանին շատ մոտ մարտեր են ընթանում, ուստի գործակալությունը զգոն է և հետևում է զարգացումներին:
Գործակալության փորձագետները, այնուհանդերձ, լրացուցիչ հասանելիություն են խնդրել՝ ատոմակայանում ականների բացակայությունը վերջնական հաստատելու համար:
Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, թե ռուսական ուժերն ատոմակայանում ահաբեկչություն են նախապատրաստում և ըստ ուկրաինական հետախուզության՝ պայթուցիկներ հիշեցնող առարկաներ են տեղադրել կայանում: Պաշտոնական Մոսկվան հերքել է Ուկրաինայի նախագահի մեղադրանքները:
ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԳՐԱՆՑԵԼ ԲԱԽՄՈՒՏԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ. ԳՇ
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ուկրաինական ուժերն առաջընթաց են գրանցել Բախմուտի ուղղությամբ: Նշվում է, որ քաղաքի հյուսիսային և հարավային հատվածներում ուկրաինական կողմը ճնշում է ռուսական ուժերին և նրանց հետ մղում գրաված դիրքերից: Ծանր մարտերը շարունակվում են:
Միևնույն ժամանակ, ըստ գլխավոր շտաբի, ուկրաինացի զինվորականները շարունակում են զսպել ռուսական զորքերի հարձակումը Լիմանի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններում:
«ՎՐԱՑԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ» ՄՈՍԿՎԱՅԻՑ ՉՎԵՐԹՆԵՐ Է ՄԵԿՆԱՐԿԵԼ
«Վրացական ավիաուղիներ» ընկերությունը հուլիսի 5-ից թռիչքներ կիրականացնի Մոսկվայից Նիցցա՝ Թբիլիսիով տարանցիկ չվերթի միջոցով։ Բացի Նիցցայից, Georgian Airways-ը տարանցիկ չվերթներ է իրականացնում նաև Մոսկվայից Փարիզ, Ամստերդամ, Վիեննա, Սալոնիկ, Թել Ավիվ, Միլան, Բեռլին և Լառնակա։
Ավելի վաղ՝ Վոլոդիմիր Զելենսկին 10 տարով պատժամիջոցներ է կիրառել Georgian Airways ավիաընկերության և նրա ղեկավարության դեմ՝ Ռուսաստանի հետ գործակցելու համար։ Դրանք նախատեսում են ակտիվների արգելափակում, առևտրային գործարքների և կապիտալի դուրսբերման սահմանափակում։