«Այսօր, ընդամենը մի քանի ժամ առաջ, ես կապվել եմ Զապորոժիեի ԱԷԿ-ում մշտական առաքելության փորձագետների հետ։ Մենք տեղյակ ենք երկու կողմի պնդումներին և հայտարարություններին։ Վերջին ստուգումների ժամանակ, սակայն, ականապատման որևէ նշան չենք արձանագրել։ Այնուամենայնիվ, մենք ծայրահեղ զգոն ենք»,- ասել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ մեկնաբանելով Զապորոժիեի ատոմակայանում դիվերսիայի սպառնալիքի մասին հաղորդագրությունները։
Նա խոստացել է պարբերաբար տեղեկացնել կայանում տիրող իրավիճակի մասին։ Ըստ վերջին տեղեկությունների՝ ԱԷՄԳ-ի փորձագետները պահանջել են լրացուցիչ հասանելիություն, որն անհրաժեշտ է ԶԱԷԿ-ում ականների կամ պայթուցիկ նյութերի բացակայությունը հաստատելու համար:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը խիստ քննադատության է ենթարկել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին այն բանի համար, որ վերջինս չի պաշտպանում Կիևի մեղադրանքները Ռուսաստանի հասցեին, թե իբր Մոսկվան սպառնալիք է ստեղծում Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգության համար:
Պոդոլյակը նաև դժգոհություն է հայտնել, որ Գրոսսին ճնշում չի գործադրում Ռուսաստանի վրա՝ պաշտպանելու ԶԱԷԿ-ի վերահսկողությունը ուկրաինական կողմին փոխանցելու Կիևի պահանջները: