ԱՄՆ պետքարտուղարությունը բանակցություններ է վարում Սենատի արտաքին հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեսի հետ և փորձում է համոզել նրան չմիջամտել Թուրքիային ամերիկյան F-16 կործանիչների մատակարարմանը: Անկարային տեխնիկան կառաջարկվի Շվեդիայի՝ ՆԱՏՕ ընդունվելու դիմաց, գրում է Punchbowl News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ինքնաթիռները վաճառել 20 միլիարդ դոլարով։
«Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները ցանկանում են վստահ լինել, որ Մենենդեսը՝ զենքի վաճառքի հարցում իր լիազորություններով, չի խանգարի անհրաժեշտության դեպքում Թուրքիայի հետ գործարքի կնքմանը»,- ասվում է հոդվածում:
Մենենդեսը հրապարակային դեմ է հանդես գալիս Թուրքիային կործանիչների վաճառքին: Ըստ սենատորի՝ Անկարան չի դրսևորում ՆԱՏՕ-ի վստահելի դաշնակցի պահվածք՝ լարվածություն պահպանելով Հունաստանի հետ, ներխուժելով նրա ջրային տարածք, ինչպես նաև ապակառուցողական դիրք որդեգրելով Կիպրոսի հարցում, ինչպես նաև ՌԴ-ից ՀՕՊ համակարգեր գնելով: Սենատորը Թուրքիային բազմիցս քննադատել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմում ունեցած դերակատարման համար:
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների խորապատկերում 2022 թվականի մայիսի 18-ին Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին ներկայացրին դաշինքին անդամագրվելու դիմումներ։ Ապրիլի 4-ին Ֆինլանդիան պաշտոնապես դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Շվեդիայի՝ դաշինք մտնելու գործընթացը կասեցվել է։
Ստոկհոլմում Ղուրանի այրելն է՛լ ավելի է խորացրել հակասությունը: Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշն անիրականանալի է համարել Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։