Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Անցած գիշեր ոստիկաններն ու ժանդարմներն անկարգությունների համար ձերբակալել են 72 մարդու։
Le Figaro թերթի տվյալով՝ անկարգությունների մասնակիցները մեկ գիշերվա ընթացքում հրկիզել են 159 ավտոմեքենա։
Ֆրանսիայում անկարգությունները սկսվել են, երբ հունիսի 27-ին ոստիկանը կրակել է 17-ամյա պատանու վրա, որը հրաժարվել էր կանգնեցնել մեքենան իր պահանջով: Ներկայումս ոստիկանը գտնվում է կալանքի տակ՝ կանխամտածված սպանության կասկածանքով։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է հուլիսի 2-4-ը նախատեսված պետական այցը Գերմանիա։ Նա անկարգությունների դեմ պայքարի հարցով խորհրդակցություն է անցկացրել, ներքին գործերի և արդարադատության նախարարներին հանձնարարել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անկարգությունները դադարեցնելու համար։