Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի 241 համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ անկարգությունների ամենաթեժ փուլը հաղթահարվել է:
«Մենք պետք է զգույշ լինենք, հետևենք առաջիկա օրերի և շաբաթների զարգացումներին»,- ասել է Ելիսեյան պալատի ղեկավարը, հավելել՝ այժմ բացարձակ առաջնահերթություն պետք է լինի երկարաժամկետ կարգուկանոն ապահովելը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ հունիսի 27-ին ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո սկսված անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 3486 մարդ, այդ թվում՝ 1244 անչափահաս։ Կողոպուտների, հրկիզումների հետևանքով Ֆրանսիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է շուրջ մեկ միլիարդ եվրո։