Հանրապետությունում, մասնավորապես՝ Երևան քաղաքում, փոշու արտանետումները, օդի աղտոտվածությունը նվազեցնելու նպատակով այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վ.Գալոյանը հանդիպել է «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և շինարարական աշխատանքներ իրականացնող մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ։
Քննարկմանը կարևորվել է շինարարության ընթացքում մթնոլորտային օդի պահպանության համար սահմանված նորմերի, սահմանային թույլատրելի մակարդակների ու պահանջների ապահովումը, մատնանշվել անհրաժեշտ գործողությունների պատշաճ կատարումը՝
· շինհրապարակները պարբերաբար ջրելը.
· սորուն նյութերը փակ տարածքներում պահեստավորումը կամ անթափանց թաղանթներով ծածկելը.
· շինհրապարակները պարսպապատելը.
· շենքերն ու շինությունները համապատասխան բարձրության անթափանց թաղանթով ծածկելը.
· հղկման աշխատանքների ընթացքում օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր, տեխնոլոգիաներ և այլն։
Օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար ներկաներին առաջարկվել է ընդերքօգտագործումն ու շինաշխատանքները կազմակերպելիս օգտագործել նաև փոշեճնշող սարքեր, որոնք լայնորեն կիրառվում են միջազգային պրակտիկայում, արագ և արդյունավետ կանխարգելում են մթնոլորտային օդ փոշու արտանետումը։
Հանդիպման ավարտին քննարկվել են շինարարներին հուզող հարցերն ու առաջարկները, հիշեցվել, որ մթնոլորտային օդի պահպանության պահանջների կատարումը շարունակում է մնալ Տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում։