Վաշինգտոնյան բանակցություններում Հայաստանի ու Ադրբեջանի առանցքային հարցերից մեկը, քաղաքագետների կարծիքով, Արցախի խնդիրն է: Էդգար Վարդանյանի մեկնաբանմամբ, Արցախի հարցում համաձայնության չգալու պատճառներից մեկն այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է խոսել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովման մեխանիզմների մասին:
Էդգար Վարդանյան (քաղաքագետ) - Չնայած, շատ լուրջ մեղադրանքներ կան իշխանությունների հասցեին, որ այ Լեռնային Ղարաբաղին մենակ են թողել և այլն, զիջումների են գնում անհարկի, բայց մենք պետք է փաստենք հետևյալը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը Հայաստանի իշխանությունները մեծապես պայմանավորում է Արցախի հարցով, այսինքն՝ Արցախի ժողովրդի իրավունքներով և անվտանգության ապահովման խնդրով:
Վաշինգտոնյան վերջին բանակցությունների ընթացքում՝ հունիսի 28-ին, Ադրբեջանն Արցախի նկատմամբ հերթական սադրանքն իրականացրեց, ինչի հետևանքով զոհվեց Պաշտպանության բանակի չորս զինծառայող: Արցախի խորհրդարանը Հայաստանին կոչ արեց դադարեցնել բանակցությունները մինչև Ադրբեջանի կողմից անվտանգության երաշխիքների տրամադրումը: Քաղաքագետի խոսքով՝ այդ երաշխիքներին հնարավոր է հասնել միայն դիվանագիտական ճանապարհով և բանակցելն այլընտրանք չունի:
Էդգար Վարդանյան - Հայաստանի Հանրապետության իշխանությունները, որը միջնորդավորված կերպով բանակցությունների մեջ է այսօր Ադրբեջանի հետ, ինքը նախ պետք է համոզի միջազգային հանրությանը, որ ՀՀ-ն գերկոնստրուկտիվ է և, որ բացառապես բանակցությունների միջոցով է պատկերացնում խնդրի լուծումը:
Վաշինգտոնյան վերջին հանդիպումներից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս հայտարարել էր՝ բոլորի կողմից հստակ ըմբռնում կա, որ երբ մոտ ես համաձայնությանը, որոշ դեպքերում, այն ավելի դժվար է դառնում, քանի որ, որպես կանոն, ամենադժվար հարցերը թողնում են վերջում: Քաղաքագետ Էդգար Վարդանյանն ընդգծում է՝ կարճաժամկետ հեռանկարում մեծ խնդիրների լուծման ակնկալիքներ ունենալ պետք չէ, սակայն, անհրաժեշտ է շարունակել աշխատել բարդ հարցերի շուրջ պատկերացումները մոտեցնելու ուղղությամբ:
Էդգար Վարդանյան - Կողմերի և ըստ միջնորդի, մենք ունենք շատ ավելի կետեր, որոնց շուրջ կա համաձայնություն, քան նախորդ բանացկությունների ժամանակ է եղել կամ մինչև բանակցությունների սկիզբն ենք մենք ունեցել:
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 21-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահի մասնակցությամբ:
Հեղինակ՝ Նորայր Շողիկյան