Բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 տարեկանից բարձր անձանց համար համայնքային փոքր տներ կկառուցվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի համաֆինանսավորմամբ արդեն մեկնարկել է ծրագիրը: Նախարարի տեղակալի խոսքով՝ սոցապի ենթակայությամբ գործող հաստատություններում 18 տարին լրացած անձանց թիվը տարեցտարի ավելանում է: Ծրագիրը կթեթևացնի գերբեռնվածությունը և կօգնի չափահաս անձանց՝ ապրել ինքնուրույն կյանքով:
Տաթևիկ Ստեփանյան (ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ) - Մենք, ցավոք, ունենում ենք 18 պլյուս տարիքում անձինք, որոնք չունեն ընտանիք, չունեն վերամիավորման հնարավորություն, և կենսաբանական կամ հարազատական կապերը չկան, և հետևաբար պետք է մտածել նրանց մեծ հաստատություններից դեպի սոցիալական ներառում ապահովելու նպատակով ավելի փոքր, դեռևս տրանզիցիոն տներ տեղափոխելու հարցը:
Համայնքային փոքր տներ ստեղծելու կարևոր նպատակներից մեկն էլ տրամադրվող ծառայությունների որակի բարձրացումն է: Տները հարմարեցված են լինելու հաշմանդամություն ունեցող անձանց, ունենալու են սոցիալական աշխատողներ և անհրաժեշտ սարքավորումներ: Ծրագրով առաջնահերթությունը տրվելու է հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունեցող, 18 տարին լրացած անձանց՝ հավասար հնարավորությունների ստեղծման և համայնքում ներառվելու համար։ Տարբեր մարզերում կառուցվելու է ընդհանուր տասը տուն՝ 160 շահառուի համար: Նախքան բնակեցումը` շահառուները սովորելու են կենցաղավարման համար անհրաժեշտ հմտություններ:
Արմեն Չոբանյան («Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն) - Այսինքն` 18 տարեկանը լրացած 160 անձինք տեղափոխվելու են այդ մեծ, սոցիալական ծառայություն մատուցող հաստատություններից, տեղափոխվելու են այս տները: Ամեն տուն ունենալու է մինչև 16 բնակիչ: Այսինքն` խնդիրն է հնարավորինս մոտ բերել ընտանեկան միջավայրին:
Նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ նախկինում այլ պիլոտային ծրագրով արդեն փորձարկվել էր չորս փոքր համայնքային տների գաղափարը: Այնտեղ արդեն բնակվում է սոցիալական պաշտպանության հաստատությունից դուրս եկած, 18 տարին լրացած 46 անձ:
Տաթևիկ Ստեփանյան - Մենք որոշակի առումով արդեն պիլոտավորել ենք այս ծառայությունը և տեսել ենք, թե ինչպես կարող են մարդիկ վերականգնել իրենց կարողությունները և իրենց հնարավորությունների չափով ինտեգրվել թե որոշ աշխատանքներ կատարելու, թե աշխատաշուկայում որոշակի իրենց հնարավորությունների չափով ներգրավվելու, ինքնասպասարկման կարողությունների վերականգնման ճանապարհին:
Ծրագրի իրականացումը նախապատրաստական փուլում է: Կազմակերպիչները նախատեսում են մինչև տարեվերջ ունենալ արդեն երկու կառուցված համայնքային տուն:
Հեղինակ` Լուսինե Գրիգորյան