Պետությանը մուծած եկամտային հարկը արդեն ոչ միայն հիփոթեքով բնակարանների տոկոսների համար կվերադարձվի, այլ նաև առողջապահական ու կրթական ծառայությունների, սակայն այս պարագայում քաղաքացին պետք է լինի 2023-ի հունվարից երեք փուլով ներդրված հայտարարագրման համակարգի շահառու՝ հայտարարատու: Եկամտահարկի վերադարձի նոր համակարգը Կառավարությունը ներդրել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգին զուգահեռ, նպատակը հայտարարագրման համակագի կիրառությունն ապահովելն է:
Արման Պողոսյան - (ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ) - Մի կողմից նպատակ ունի մոտիվացնել այս համակարգի մասնակիցներին, որպեսզի նրանք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնեն իրենց հայտարարագրերը և, մյուս կողմից, կարևոր ներդրում է մարդկային կապիտալի զարգացման գործում:
Կառավարությունը սահմանել է սոցիալական ծախսերի ուղղություններ, ընտանիքի անդամների շրջանակ, որոնք կօգտվեն ծրագրից, և եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափ: Ուղղությունները կարող են լինել 3-ը՝ կրթություն, առողջապահություն և բնակապահովում: Վերջինը, սակայն, որոշվել է դեռ չկիրառել, հաշվի առնելով հիփոթեքային վարկի տոկոսները եկամտային հարկից վերադարձնելու ավելի ընդգրկուն գործիքը: Կրթական ուղղության մասին. հայտարարատուն տարեկան մեկ անգամ վճարած եկամտային հարկից հետ կստանա իր կամ ընտանիքի անդամի ուսման համար կատարած ծախսը՝ առավելագույնը 100.000 դրամ՝ իհարկե, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Ընտանիքի անդամները ամուսինը, ծնողներն ու զավակներն են:
Առողջապահական ուղղության մասին:
Արման Պողոսյան - Առաջարկվում է, որ առողջապահության գծով սոցիալական ծախսը վերադարձվի ապահովագրական ընկերություններից ձեռք բերված առողջապահական պոլիսների գծով՝ յուրաքանչյուր հայտարարագիր ներկայացնողի հաշվով տարեկան 50 հազար դրամի սահմաններում:
Գերատեսչությունում հաշվարկել են՝ 50 հազար դրամը այն սահմանաչափն է, որով կարելի է ձեռք բերել բավական մեծ ծածկույթով առողջապահական ապահովագրության փաթեթ: Հաշվի են առել նաև առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի փուլային ներդրումը՝ նախատեսում են, որ վերադարձը նաև այդտեղ կգործի:
Արման Պողոսյան - Պարզապես, քանի որ առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման հիմքը կազմող իրավական ակտերը դեռևս ընդունված չեն և քննարկման փուլում են, այս պահին դեռևս սոցիալական ծախսերը կամ այդ հարաբերությունները կարգավորող Կառավարության համապատասխան որոշման մեջ իրավական առումով կապը դեռևս տված չէ:
Ի դեպ, առողջապահության գծով սոցիալական ծախսի փոխհատուցումից չեն կարող օգտվել սոցիալական փաթեթի շահառու հայտարարատուները:
Արման Պողոսյան - Առողջապահության ոլորտում հատկապես մենք դեռևս չենք կարող հայտարարել այն մասին, որ ստվերային շրջանառությունները ի սպառ վերացել են, և այս սոցիալական ծախսերի համակարգի ներդրումը ևս մեկ հնարավորություն է, որ քաղաքացիները, լինելով շահագրգիռ, փաստաթղթեր պահանջեն իրենց ծառայություն մատուցող հաստատություններից:
Հայտարարագրման համակարգը ներդվել է այս տարվա հունվարին, այս արտոնությունները ևս կգործեն հետադարձ ուժով՝ տարեսկզբից հաշվարկված: Առաջին փուլով եկամուտները պետք է հայտարարագրեն Հանրային ծառայության մասին օրենքով սահմանված պետական ծառայության, համայնքային ծառայության և հանրային պաշտոններ զբաղեցնող քաղաքացիները, նոտարները՝ անձնական եկամուտների մասով, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության հետ ուղիղ կամ անուղղակի կապ ունեցող ֆիզիկական անձինք, որոնք 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների բաժնետերեր են, նաև ռեզիդենտ քաղաքացիներ, որոնք 2023-ի ընթացքում ստացել են 20 մլն դրամ կամ ավելի փոխառություն՝ նշված առևտրային կազմակերպություններից: 2024-ի հունվարի մեկից՝ երկրորդ փուլով, շահառու կդառնանան աշխատանքային պայմանագիր ունեցող ռեզիդենտ քաղաքացիները: 2025-ից համակարգում կընդգրկվեն մյուս բոլոր քաղաքացիները՝ բացառությամբ անչափահասների: