Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ջենին քաղաքի մոտակայքում գտնվող դիրքեր այցի ժամանակ հայտարարել է, որ երկրի պաշտպանության ուժերն ավարտում են Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում 2 օր առաջ մեկնարկած լայնածավալ հակաահաբեկչական գործողությունը:
Նա զգուշացրել է, որ սա մեկանգամյա գործողություն չէր: «Մենք կշարունակենք գործել ըստ անհրաժեշտության՝ արմատախիլ անելու ահաբեկչությունը: Մենք թույլ չենք տա, որ Ջենինը կրկին ահաբեկչության օջախ դառնա»,- հավելել է Նեթանյահուն։
Այսօր ավելի վաղ՝ իսրայելա-պաղեստինյան լարվածության ֆոնին, Թել Ավիվում ահաբեկիչն ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի քանի հետիոտնի, որոնցից մեկը մահացել է: Ահաբեկչին կրակոցով սպանել է ականատես քաղաքացիական անձանցից մեկը: Միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը: Պաղեստինյան խմբավորման մամուլի խոսնակը տեղի ունեցածը հերոսական գործողություն է անվանել: Նա նշել է, որ սա պաղեստինցիների պատասխանն է Ջենին քաղաքում Իսրայելի լայնածավալ գործողությանը, որի պատճառով կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։