Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբն ուսումնասիրում է ժամանակակից և անվտանգ ատոմակայաններ կառուցելու միջազգային փորձը:
Էդուարդ Մարտիրոսյան (Հայկական ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն) - Զուգահեռ հիմա աշխատանքային խումբը տանում է ուսումնասիրություններ` թե ռուսականի, թե ամերիկյանի, առաջիկայում Կորեայի և ֆրանսիական դիզայնի ռեակտորների հնարավոր ընտրության շուրջ:
Աշխատանքային խումբը որոշում կընդունի՝ հաշվի առնելով հզորությունները, արժեքը և, իհարկե, անվտանգության բաղադրիչը: Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը լրանալու է 2026 թվականին: Հնարավոր է երկարաձգել ևս 10, գուցե՝ 14 տարով:
Էդուարդ Մարտիրոսյան - Հիմա ատոմակայանը կանգնած է վերանորոգման, առաջիկա օրերին կգործարկվի վերանորոգումից հետո, պլանային նորոգման աշխատանքներն են, որոնք ամեն տարի կատարվում են և վերագործարկվում:
Հայկական ատոմակայանը, գործադիր տնօրենի խոսքով, աշխատում է անվտանգ և համապատասխանում բոլոր չափորոշիչներին, հակառակ դեպքում ուղղակի չէր շահագործվի: Պարբերաբար ստուգայցեր են կատարում թե ՄԱԳԱՏԷ-ի՝ էներգետիկայի միջազգային գործակալության և թե Հայաստանի միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: Իսկ այն դեֆիցիտները, որոնք առաջանում են ընթացքում, և որոնք, ի դեպ, հատուկ են ոչ միայն Հայաստանի ատոմակայանին, վերացվում են:
Հեղինակ` Աննա Զախարյան