Ուժեղ պայթյուն, վնասված շենք ու ավտոմեքենաներ, փլված 2 ավտոտնակ: Երեկ Կոմիտասի 54-ի 1 հասցեում պայթյունի պատճառն, ըստ նախնական վարկածի, գազի բալոնից արտահոսքն է: Ավտոտնակի տերը մտել է ավտոտնակ, միացրել է լույսը, որին հաջորդել է պայթյունը:
Դեպքի մասին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը ահազանգ է ստացել երեկ երեկոյան՝ 22.10-ին: Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած` ավտոտնակի սեփականատերը: Նա տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», 78 տարեկան տղամարդու առողջական վիճակը գնահատվել է ծանր: Այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Այրվել է մարմնի ավելի քան 60 տոկոսը, հայտնում են քննչական կոմիտեից:
Պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է 2 ավտոտնակ, մեկը՝ տուժածինը, մյուսը՝ հարևանինը, ևս մեկը մասամբ է վնասվել:
Պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասվել է անգամ 3-րդ հարկի բնակարաններից մեկը:
Ըստ նախնական տվյալի՝ ավտոտնակում տեղի է ունեցել հեղուկ գազի 20 կգ-անոց բալոնի պայթյուն: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գոռ Աբրահամյան (ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար) - Կոնկրետ պայթյունի առաջացման հանգամանքները և պատճառները բացահայտելու նպատակով նշանակվել է պայթյունատեխնիկական փորձաքննություն, նաև վնասվածքների հետ քաղաքացուն նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Վնասի չափերն ու փոխհատուցման եղանակը ևս ճշգրտման փուլում են:
Գոռ Աբրահամյան - Նաև պետք է իրավական գնահատականներ տրվեն անձանց գործողություններին, տվյալ դեպքում՝ տվյալ ավտոտնակի սեփականատիրոջ գործողություններին, նոր տրված իրավական գնահատակնների արդյունքում հասկանալ՝ ինչպիսի լուծում է տրվելու փոխհատուցման խնդրին:
Քննչականը դեռ մանրամասներ չի հաղորդում, հարևանների հավաստմամբ` 78-ամյա տուժողն ավտոտնակում տարբեր սարքերի, այդ թվում՝ բազաբալոնների նորոգմամբ էր զբաղվում:
Հեղինակ` Էմիլյա Հոսյան