ԱՄՆ-ը վաղուց և հաստատակամորեն ասել է, որ ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը պետք է պաշտպանված լինեն, և որ պետք է լինի բանակցություն, և այնպիսի վերջնարդյունք, որը կպաշտպանի ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը: Այդ մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը:
«Անձամբ ես այն կարծիքին եմ, որ ԼՂ-ում մարդիկ պետք է կարողանան անվտանգ զգալ սեփական տներում, իրենց միջավայրում և խաղաղ ընտանեկան կյանք կարողանան վարել և ներգրավվածություն ունենալ իրենց համայնքներում: Ուստի ԱՄՆ-ը հաստատակամորեն հավատում է, որ լուծման ուղղությամբ շարունակվող քննարկումներում պետք է ապահովված լինեն նշված սկզբունքները»,- ասաց դեսպան:
Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, թե հասարակության մեջ քննարկում կա, որ եթե Ղարաբաղը մնա Ադրբեջանի կազմում, ապա արցախցիների համար իրենց տանն անվտանգ և խաղաղ ապրելն ուղղակի ֆիզիկապես անհնար է լինելու, Հայաստանում ԱՄՆ դեսպանը պատասխանեց. «Մենք հավատում ենք և հույս ունենք, որ դա հնարավոր է։ Կարծում ենք, որ բոլոր կողմերը պետք է միասնաբար ջանքեր գործադրեն, որպեսզի դա հնարավոր դարձնեն։ Միացյալ Նահանգները կարծում է, որ դա է ճիշտ մոտեցումը։ Բոլոր կողմերին քաջալերում ենք, որպեսզի միասնաբար ջանքեր գործադրեն՝ ապահովելու նշված իրավունքները և անվտանգությունը։
Բոլոր կողմերն ասել են, որ իրենք համարում են, որ ԼՂ-ում ապրողների իրավունքները և անվտանգությունը պետք է երաշխավորված լինեն, և հիմա նրանց մնում է գտնել դա անելու, դա ապահովելու ճանապարհը»։
Հարցին ի պատասխան՝ հնարավո՞ր է Ստեփանակերտ-Բաքու երկխոսություն կազմակերպել, Քվինը նշեց. «ԱՄՆ-ը համարում է, որ ցանկացած քննարկում, բանակցություն և խոսակցություն առաջընթացի ճիշտ ուղին է: Եվ մնում է օգնել, որ 2 կողմին մտահոգող հարցերը լիովին ընկալվեն, ու 2 կողմը կարողանան գտնել ապագայի ճանապարհը՝ հասնելու խաղաղ կարգավորման, որով երաշխավորված և ապահոված կլինեն ԼՂ-ում ապրողների իրավունքներն ու անվտանգությունը»։