Իսրայելում երեկ ցուցարարները երթով շարժվել են Բեն Գուրիոն օդանավակայան, փորձել են մտնել գլխավոր սրահներ՝ ի նշան կառավարության կողմից իրականացվող դատական համակարգի բարեփոխումների դեմ բողոքի: Ոստիկանությունը դուրս է հանել ցուցարարներին։ Լրատվամիջոցների տվյալով՝ նրանցից 52-ը ձերբակալել են։ Օդանավակայանում հսկողությունը խստացվել է։ Նշվում է, որ թռիչներից որևէ մեկը չի չեղարկվել։
Ավելի վաղ ցուցարարները կարճ ժամանակով փակել էին իսրայելական խոշոր Հայֆա նավահանգստի մուտքը:
Բողոքի ակցիան ուղղված է դատական համակարգը բարեփոխելու՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուի ծրագրի դեմ: Այն ներկայացվել է աջ, ուլտրաաջ և ուլտրակրոնական կուսակցությունների ներկայացուցիչներից կազմված նոր կոալիցիոն կառավարությունը 2022 թվականի դեկտեմբերին և ենթադրում է, որ իշխանության ճյուղերը պետք է ավելի հավասարակշռված լինեն: Ընդդիմությունն էլ կարծում է, որ դատական բարեփոխումը կարող է սպառնալիք դառնալ Իսրայելում ժողովրդավարության համար։
Իսրայելում դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը պարբերաբար անցկացվում են դեռ հունվարի կեսից։ Կառավարության և ընդդիմության բանակցությունները փոխզիջման չեն հանգեցրել։