Աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, ժամանակ առ ժամանակ դիտվում է էնտերովիրուսային վարակներով պայմանավորված հիվանդությունների ակտիվացում:
Ինչպես տեղեկացնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից՝ հիվանդությունն ակտիվանում է գերազանցապես ջերմաստիճանի բարձրացման հետ:
Էնտերովիրուսային վարակները սուր վարակիչ հիվանդություններ են, որոնք բնութագրվում են տենդով և բազմաձև կլինիկական ախտանշաններով` կենտրոնական նյարդային, սրտանոթային, աղեստամոքսային, մկանային, շնչառական և այլ համակարգերի ախատահարումով:
Հիմնական հարուցիչները Կոկսակի, ECHO տիպի էնտերովիրուսներն են, որոնք կայուն են արտաքին միջավայրում, ցածր ջերմաստիճանների, չորացման, տաքացման նկատմամբ: Մակերեսային ջրամբարների ջրերում և խոնավ հողում կարող են պահպանվել մինչև 2 ամիս:
Էնտերովիրուսների առանձնահատկություններից է առողջ վիրուսակրության առաջացումը: Աղիներում կարող են պահպանվել մինչև 5 ամիս և այս ժամանակամիջոցում արտազատվել արտաքին միջավայր: Մեծամասամբ էնտերովիրուսային վարակներն ընթանում են անախտանիշ, կարող են արտահայտվել նաև մրսածության ախտանշաններով՝ տենդ, ջերմաստիճանի բարձրացում, գլխացավ, սրտխառնոց, փսխում: Էնտերովիրուսներն առաջացնում են նաև լուրջ կլինիկական ընթացքով հիվանդություններ` շճային մենինգիտ, էնցեֆալիտ, սուր կաթված, նորածնային սեպտիկ հիվանդություն, հեպատիտ, միոկարդիտ և այլն:
Էնտերովիրուսային վարակները փոխանցվում են բերանա-կղանքային (ջրային, սննդային և կենցաղ-կոնտակտային) և օդակաթիլային ճանապարհներով:
Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ վարակակիրը: Գաղտնի շրջանը 1-ից 10 օր է: Առավել մեծ ռիսկի խումբ են նորածինները, վաղ հասակի երեխաները և դեռահասները:
ՀՎԿԱԿ-ից իրազեկում են, որ էնտերովիրուսային վարակներից պաշտպանվելու համար անհրաժեշտ է`
-
պահպանել անձնական հիգիենայի կանոնները (հաճախակի լվանալ ձեռքերը, ծածկել քիթը և բերանը հազի և փռշտալու ժամանակ)՝ հատկապես նորածինների խնամքի պարագայում.
-
միրգը և բանջարեղենը լավ լվանալ հոսող ջրով.
-
խուսափել էնտերովիրուսային վարակներով հիվանդների հետ սերտ շփումից.
-
բնակարանը հաճախակի օդափոխել և խոնավ մաքրել.
-
խուսափել պատահական վայրերում սնվելուց.
-
չօգտագործել կասկածելի ջուր։