Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է վճռական բողոք հայտնել Վրաստանի դեսպանին, կարգադրել նրան 48 ժամվա ընթացքում վերադառնալ Թբիլիսի և Վրաստանի իշխանության հետ քննարկել բանտարկված Միխեիլ Սաակաշվիլուն բուժման համար Ուկրաինա ուղարկելու պաշտոնական Կիևի պահանջը:
Զելենսկին հայտարարել է՝ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է, և նրա կյանքը վտանգված է:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Վոլոդիմիր Զելենսկու որոշմանը:
«Ուկրաինական իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանակին ներգրավված են եղել Սաակաշվիլուն Վրաստան ուղարկելու գործընթացում: Եվ վիրավորական է, որ այսօր նույն իշխանությունները պահանջում են նրան վերադարձնել Ուկրաինա»,- ասել է Կոբախիձեն։
Հուլիսի 3-ին Սաակաշվիլին Թբիլիսիի հիվանդանոցից տեսակապով մասնակցել է 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու գործով դատական նիստին: Նա հայտարարել է, որ իրեն թույլ չեն տալիս Եվրոպայում բուժում ստանալ՝ չնայած առողջական ծանր վիճակին: