Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի՝ հունիսի 21-ին հրապարակված 6-րդ զեկույցը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի գնահատմամբ, ապացուցողական նշանակության փաստաթուղթ կարող է լինել Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներում: Ադրբեջանի վերաբերյալ նման վերջին զեկույցը հրապարակվել էր 2016-ին: Հանձնաժողովի արձանագրմամբ՝ հիմնական պատկերը չի փոխվել. Ադրբեջանը վարում է հայատյացության համակարգված քաղաքականություն:
Արա Ղազարյան (Միջազգային իրավունքի մասնագետ) - Հիմնավորվում է, որ Ադրբեջանը պետք է վերացնի հայատյացության իր այդ քաղաքականությունը: Բայց նա շարունակում է դա օգտագործել որպես պատերազմի գործիք՝ սպառնալով Հայաստանին ներքին լսարանում: Արտաքին լսարանում նման սպառնալիքներ չի կարող հնչեցնել, որովհետև այնտեղ ոչ ոք չի լսի իրեն:
Զեկույցը խոսում է այն մասին, որ եվրոպական մարմինների համբերությունը հատվում է, և իրենք պետք է ի վերջո հասցեական արտահայտություններ անեն, հակառակ դեպքում իրենց՝ եվրոպայի անվտանգությունը կարող է վտանգվել:
Զեկույցն ամրագրել է, որ Ադրբեջանը շարունակում է ռասիստական կարծրատիպեր քարոզող լեզվի օգտագործումն ու թշնամանքի հրահրումը: Նշվել է, որ հայերի դեմ խտրական վերաբերմունք կա դպրոցական դասագրքերում: ՌԱԵՀ-ը նաև քննադատել է Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացումը:
Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովը կիսում է այլ միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման մասին հանձնաժողովի արտահայտած լուրջ մտահոգությունները «ագրեսիայի» լեզվի դիմելու և պարբերաբար թշնամական թեզերի առաջքաշման առնչությամբ, որոնք քարոզում են ռասիստական կարծրատիպեր և հավերժացնում թշնամանքը:
Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսքով՝ նման զեկույցները կարևոր են երկրի ներքին իրավիճակը բացահայտելու տեսանկյունից: Եղիշե Կիրակոսյանն ընդգծում է՝ հանձնաժողովը վերահաստատում է Ադրբեջանում տիրող ռասիստական մթնոլորտի, էթնիկ հայերի նկատմամբ ատելության խոսքի ու քարոզի վերաբերյալ ՄԱԿ-ի շրջանակում գործող Բոլոր տեսակի ռասայական խտրականությունների վերացման կոմիտեի եզրակացությունը: Փաստաթուղթն ամրագրել էր նաև դրանք վերացնելու անհրաժեշտ քայլերը:
Եղիշե Կիրակոսյան (Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ) - Այնտեղ խոսք կա և պաշտոնական մակարդակում ատելության խոսքի մասին հայերի նկատմամբ էթնիկ, կատարված սպանությունների մասին: Հատկապես խոսք կա 2020-ի պատերազմի ընթացքում տեսագրությունների մասին, որտեղ կան զազրելի, պատերազմական հանցագործությունների դեպքեր, որոնք մոտիվացված էին հայերի նկատմամբ ատելությամբ: Նմանատիպ շատ այլ հանգամանքներ, որոնք արժեքավոր են իրավական գործընթացների համար, այս փաստաթուղթը ներկայացնելու ենք ՀՀ անունից:
Ընդգծվել է, որ ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում ատելության խոսքը համակարգային չէ, պայմանավորված է միայն ռազմական իրադրությամբ և զինված հակամարտության ժամանակ հանրային արձագանքով:
Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին միջազգային կառույցների անդրադարձը Կիրակոսյանը կարևոր է համարում՝ ընդգծելով, թե ինչպես են կազմվում նման զեկույցները:
Եղիշե Կիրակոսյան - Զեկույցները չեն ձևավորվում օդից, զեկույցները ձևավորվում են մոնիտորինգային խմբերի այցերի արդյունքում, որոնք հանդիպում են կոնկրետ երկրի պաշտոնատար անձանց հետ, իրականացնում են հարցազրույցներ ոչ կառավարական ուժերի հետ, գնահատական է տրվում՝ փաստացի անկողմնակալ:
2021-ին Արդարադատության միջազգային դատարան Հայաստանի ներկայացրած Ադրբեջանի դեմ հայցը վերաբերում էր հենց Ռասայական խտրականության բոլոր ձևերի բացառման միջազգային կոնվենցիայի խախտումներին: Արա Ղազարյանի խոսքով՝ Հայաստանն ապացուցեց, որ միջազգային իրավական հարթակներում իր հայցը հիմնավոր է: Արձագանքը նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն էին, որոնցով, ըստ նրա, պարտվեց Ադրբեջանը: