Ֆրանսիայում շարունակվում են բողոքի ցույցերը։ Անցած գիշեր անկարգությունների համար ձերբակալվել է 72 մարդու։ Le Figaro թերթի տվյալով՝ անկարգությունների մասնակիցները մեկ գիշերվա ընթացքում հրկիզել են 159 ավտոմեքենա։ Ֆրանսիայում անկարգությունների պատճառ է դարձել 17-ամյա պատանու վրա կրակելը, որը հրաժարվել էր կանգնեցնել մեքենան: Ոստիկանը գտնվում է կալանքի տակ՝ կանխա-մտածված սպանության կասկածանքով։
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԵՎ ՄԵՐՁԱԿԱՅՔՈՒՄ ԽՈՑՎԵԼ Է 5 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Կիևը առավոտյան անօդաչու թռչող սարքերով փորձել է հարվածել Նովայա Մոսկվայի և Մոսկվայի շրջանի օբյեկտներին՝ հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Գերատեսչության տվյալով՝ բոլոր 5 անօդաչուները խոցվել են: «Ահաբեկչության հետևանքով զոհեր և ավերածություններ չկան»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ևս տեղի ունեցածը որակել է ահաբեկչական գործողություն: Նա նշել է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, ֆինանսավորում են Կիևին, որը քաղաքացիական ենթակառուցվածքներ է թիրախավորում։
ՌԴ ԶՈՒ-Ն ՀԱՐՎԱԾՆԵՐ Է ՀԱՍՑՐԵԼ ԽԵՐՍՈՆԻՆ. ԿԱՆ ԶՈՀԵՐ
Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի հյուսիսում գտնվող Սումի քաղաքում Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը ավիահարվածի է ենթարկվել։
«Ցավոք, մեր պետությունը դեռ չունի բավականաչափ հակաօդային պաշտպանության բարձրորակ համակարգեր՝ երկրի ողջ տարածքը պաշտպանելու համար: Հակառակորդն օգտվում է դրանից՝ թիրախավորելով նաև բնակելի շենքեր»,- ասել է Զելենսկին: Նա հավելել է, որ ռուսական հարվածների պատճառով կան զոհեր և վիրավորներ:
Ուկրաինական կողմը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածներ են հասցրել նաև Խերսոնին, ինչի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։
ԲԱԽՄՈՒՏԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿՐԿԻՆ ՍՐՎԵԼ Է. ՄԱԼՅԱՐ
Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը հայտնել է, որ Բախմուտի ուղղությամբ իրավիճակը կրկին սրվել է։
«Հակառակորդը փորձել է առաջխաղացում գրանցել, սակայն ապարդյուն։ Մեր պաշտպանական ուժերը որոշակի հաջողություններ ունեն: Իրադրությունը ռազմաճակատում շատ արագ է փոխվում։ Միևնույն դիրքի նկատմամբ վերահսկողությունն օրական մի քանի անգամ կարող է անցնել կողմերից մեկին»,- ասել է Մալյարը:
Նրա խոսքով՝ ռուսական ուժերն ակտիվորեն արձագանքում են Ուկրաինայի Զինված ուժերի բոլոր գործողություններին։
«Կլեշչիևկայի հարավային հատվածում թեժ մարտեր են, սակայն ուկրաինական զորքերը ևս առաջ են շարժվում: Հյուսիսային ուղղությամբ էլ մարտերը շարունակվում են»,- հավելել է Մալյարը։
ԿԻԵՎԸ ԹԲԻԼԻՍԻԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է ԻՐԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՍԱԱԿԱՇՎԻԼԻԻՆ
Վոլոդիմիր Զելենսկին Ուկրաինայի ԱԳՆ-ին հանձնարարել է վճռական բողոք հայտնել Վրաստանի դեսպանին, կարգադրել նրան 48 ժամվա ընթացքում վերադառնալ Թբիլիսի և Վրաստանի իշխանության հետ քննարկել բանտարկված Միխեիլ Սաակաշվիլուն բուժման համար Ուկրաինա ուղարկելու՝ պաշտոնական Կիևի պահանջը: Զելենսկին հայտարարել է՝ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է և նրա կյանքը վտանգված է:
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է Վոլոդիմիր Զելենսկու որոշմանը:
«Ուկրաինական իշխանությունների որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ ժամանակին ներգրավված են եղել Սաակաշվիլուն Վրաստան ուղարկելու գործընթացում: Եվ վիրավորական է, որ այսօր նույն իշխանությունները պահանջում են նրան վերադարձնել Ուկրաինա»,- ասել է Կոբախիձեն։
Հուլիսի 3-ին Սաակաշվիլին Թբիլիսիի հիվանդանոցից տեսակապով մասնակցել է 2007 թվականին ընդդիմության ցույցը ցրելու գործով դատական նիստին: Նա հայտարարել է, որ իրեն թույլ չեն տալիս Եվրոպայում բուժում ստանալ՝ չնայած առողջական ծանր վիճակին:
ԻՍՐԱՅԵԼԱՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Իսրայելապաղեստինյան լարվածությունը շարունակվում է: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ երկրի անվտանգության ուժերի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքում հակաահաբեկչական լայնածավալ գործողությունը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է: Նեթանյահուի խոսքով՝ նպատակն Իսրայելի քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է:
«Վերջին ամիսներին Ջենինը դարձել է ահաբեկիչների ապաստարան, մենք դրան վերջ կտանք»,- հավելել է վարչապետը։
Իսրայելը երեկ հայտարարել է Ջենին քաղաքի և փախստականների համանուն ճամբարի մերձակայքում հակաահաբեկչական գործողություն սկսելու մասին: Երկրի բանակի մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ իսրայելական զինվորականների և պաղեստինցի գրոհայինների միջև հրաձգություն է եղել:
Պաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայլեին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն անպաշտպան ժողովրդին թիրախավորելու համար: Հայտնի է տասնյակ վիրավորների և զոհերի մասին:
ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ ՑՈՒՅՑԵՐ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ
Իսրայելում դատաիրավական փոփոխությունների դեմ ցույցեր են: Տասնյակ հազարավոր քաղաքացիներ հերթական անգամ ակցիաներ են անցկացրել՝ բողոքելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դատական փոփոխությունների դեմ։ Ցուցարարները պնդում են, որ նա փորձում է յուրացնել իշխանությունը և վերահսկել դատական համակարգը։
Հատկանշական է, որ ակցիաները չեն դադարում նույնիսկ Նեթանյահուի՝ օրերս արած հայտարարությունից հետո, որ Իսրայելի կառավարությունը կհրաժարվի ամենավիճահարույց օրինագծից, որի համաձայն խորհրդարանը Գերագույն դատարանի որոշումները չեղարկելու իրավասություն կարող էր ունենալ, իսկ իշխող կոալիցիան ավելի շատ լիազորություններ ստանալ դատավորներ նշանակելու հարցում:
Երեկ ցուցարարները երթով շարժվել են Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, փորձել մտնել գլխավոր սրահներ: Ոստիկանությունը դուրս է հանել ցուցարարներին, 52 ցուցարար ձերբակալվել է։ Ավելի վաղ ցուցարարները նաև փակել էին մուտքը դեպի իսրայելական խոշոր Հայֆա նավահանգիստ: Իսրայելում դատական բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը պարբերաբար անցկացվում են դեռ հունվարի կեսերից։