Առցանց խաբեությունների և խարդախությունների վերաբերյալ իրավապահների, տեղեկատվական անվտանգության մասնագետների բազում զգուշացումներից հետո անգամ շատերը չեն պահպանում տարրական կանոններն ու դառնում են կեղծիքի զոհ: Քննչական կոմիտեում քննված դեպքերից մեկով, օրինակ, 27-ամյա երիտասարդը սոցիալական հարթակներում տեղադրել է Հյուսիսային պողոտայում, Բուզանդի և Աբովյան փողոցներում վարձակալությամբ բնակարաններ տրամադրելու վերաբերյալ հայտարարություններ՝ կցելով համացանցից գտած տարբեր բնակարանների լուսանկարներ։ Նրա խարդախության զոհ են դարձել քսանից ավելի անձինք, որոնց թվում կան Հայաստանի քաղաքացիներ, սակայն մեծ մասը Ռուսաստանի քաղաքացի են:
Արտակ Մամյան (ՀՀ ՔԿ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնի ավագ քննիչ) - Մինչև բնակարանի տեսնելը 27-ամյա երիտասարդը քաղաքացիներին առաջարկել է վճարել կանխավճարներ՝ ուղարկելով իր բանկային քարտի տվյալները, որին գումարը ստանալուց հետո այլևս վերջինների հետ կապ չի հաստատել, չի պատասխանել նշված հեռախոսահամարներին, որոշակի դեպքերում նաև իր անունով հաշվառված մեկ այլ հեռախոսահամարով ներկայացել է որպես վերջինիս կին, խնդրել ավելացնել գումարը, քանի որ այլ քաղաքացիներ ևս բարձր գումարով ցանկանում են վարձակալել նշված բնակարանները:
Երիտասարդը որևէ փաստաթուղթ քաղաքացիներին չի ներկայացրել, պարզապես նշել է, որ դրանք իր բնակարաններն են: Քաղաքացիները միայն վճարելուց հետո են այցելել նշված հասցեներ, պարզել, որ նման բնակարաններ չկան:
Արտակ Մամյան - Կատարված հանցագործությամբ ընդհանուր քաղաքացիներին պատճառվել է շուրջ 14 մլն ՀՀ դրամի վնաս, և ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երտիասարդին ներկայացվել է մեղադրանք, քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն դատարան ուղարկելու նպատակով:
Պաշտպան Սամվել Ջաղինյանը «Լուրեր»-ին հայտնեց՝ քրեական վարույթի նյութերը դատախազին ուղարկելուց առաջ ինքը դրանց ծանոթանալու հնարավորություն չի ունեցել. միայն մամուլից է տեղեկացել, որ նյութերն արդեն տրվել են դատախազին՝ դատարան ուղարկելու համար: Պաշտպանի խոսքով՝ մեղադրյալը որոշակի դրվագներով ընդունել է իր առնչությունը դեպքին և գործով տուժողի կարգավիճակ ունեցողներին վերադարձրել գումարը:
Իրավապահ մարմինները հերթական անգամ հորդորում են՝ խաբեության զոհ չդառնալու համար մինչև բնակարան վարձակալելը կանխավճար չտրամադրել, համոզվել, թե ով է բնակարանի սեփականատերը, ով այն վարձակալության հանձնելու իրավասություն ունի, ինչպես նաև բնակարանի վարձակալության պայմանագրերը կնքել իրավասու մարմնում:
Հեղինակ` Լիանա Խաչատուրյան