ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄԵՆԱԹԵԺ ՓՈՒԼԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԵԼ Է. ՄԱԿՐՈՆ
Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի 241 համայնքի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ երկրում անկարգությունների ամենաթեժ փուլը հաղթահարվել է:
«Մենք պետք է զգույշ լինենք, հետևենք առաջիկա օրերի և շաբաթների զարգացումներին»,- ասել է Ելիսեյան պալատի ղեկավարը, հավելել՝ այժմ բացարձակ առաջնահերթություն պետք է լինի երկարաժամկետ կարգուկանոն ապահովելը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության տվյալով՝ հունիսի 27-ին ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո սկսված անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 3486 մարդ, այդ թվում՝ 1244 անչափահաս։ Կողոպուտների, հրկիզումների հետևանքով Ֆրանսիայի տնտեսությանը հասցված վնասը գնահատվում է շուրջ մեկ միլիարդ եվրո։
ԻՐԱՆԸ ԿԱՆԴԱՄԱԿՑԻ ՇՀԿ-ԻՆ
Իրանը կանդամակցի Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Որոշումն ընդունվել է կազմակերպության 23-րդ գագաթնաժողովում։ Այսպիսով, Թեհրանը դառնում է միջպետական ասոցիացիայի 9-րդ անդամը։ ՇՀԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Հնդկաստանը և Պակիստանը։
Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների առցանց հանդիպման ժամանակ Էբրահիմ Ռայիսին շնորհակալություն է հայտնել Թեհրանին ՇՀԿ ընդունելու համար: Իրանի նախագահը նշել է, որ դա տնտեսական զարգացման նոր հեռանկար է բացում և թույլ տալիս ամրապնդել երկրի անվտանգությունը: Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը կընդլայնի գործակցությունը Ռուսաստանի հետ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման գործում։
Գագաթնաժողովի մասնակիցները հուշագիր են ստորագրել նաև կազմակերպությանը Բելառուսի անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին: Այսօր Բելառուսը հանդիպմանը մասնակցել է որպես դիտորդ:
Իսկ գագաթնաժողովի ավարտին ընդունված համատեղ հռչակագրով ՇՀԿ երկրները հայտարարել են, որ կազմակերպության գործունեությունն ուղղված չէ այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների դեմ և բաց է ավելի լայն գործակցության համար։
«Անդամ պետությունները հաստատում են, որ ժողովուրդները պետք է ինքնուրույն ընտրեն իրենց քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման ուղիները, շեշտում են, որ միջազգային հարաբերությունների կայուն զարգացման համար երկրները պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, չմիջամտեն միմյանց ներքին գործերին, անընդունելի են համարում ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը»,- ասված է հռչակագրում։
ՇՀԿ անդամներն ընդգծել են երկրների միջև առկա տարաձայնությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, նաև նշել, որ միակողմանի տնտեսական պատժամիջոցներն անհամատեղելի են միջազգային իրավունքի հետ։ Կազմակերպության երկրները կոչ են արել փոխադարձ հաշվարկներում ավելացնել ազգային արժույթներով գործարքների մասնաբաժինը։
Գագաթնաժողովի արդյունքներով՝ կազմակերպության անդամները նաև աջակցություն են հայտնել Չինաստանի՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ներդրումային և առևտրային նախաձեռնությանը, որը խորհրդանշորեն վերստեղծում է Մետաքսի ճանապարհը: Ըստ եզրափակիչ հռչակագրի՝ այդ նախաձեռնությանը չի աջակցել միայն Հնդկաստանը:
ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԵԳԻՊՏՈՍԸ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ԴԵՍՊԱՆՆԵՐ ԵՆ ՆՇԱՆԱԿԵԼ
Թուրքիան և Եգիպտոսը տասը տարվա ընթացքում առաջին անգամ փոխադարձաբար դեսպաններ են նշանակել՝ ասված է երկու երկրների արտգործնախարարությունների համատեղ հայտարարության մեջ:
Նշվում է, որ այդ քայլը կնպաստի երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Էրդողանը մայիսի վերջին պայմանավորվել էին բարձրացնել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների մակարդակը և դեսպաններ նշանակել:
ՍՏՈԼՏԵՆԲԵՐԳԻ ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը երկարացվել է մեկ տարով՝ մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը։
Ստոլտենբերգը Թվիթերի միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել այդ որոշման համար: Նրա խոսքով՝ Անդրատլանտյան կապերն ապահովել են Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի ազատությունն ու անվտանգությունը գրեթե յոթանասունհինգ տարի, և այժմ էլ Դաշինքի միասնությունը կարևոր է ավելի, քան երբևէ։
Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ն ղեկավարում է 2014 թվականի հոկտեմբերից, նրա լիազորությունները երկարաձգվում են արդեն չորրորդ անգամ: