«Խոսող կտավներ» ներառական նախագիծը ներկայացվել է հանրությանը։ Նախագծի շրջանակում տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ հնարավորություն ունեն «տեսնելու» Մարտիրոս Սարյանի 6 կտավ։ «Սարեր» մշակութային կազմակերպությունը՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ, հնարավորություն ընձեռեց դիպչել թանգարանի հավաքածուի ցուցանմուշների պատճեններին՝ զուգահեռաբար ունկնդրելով, թե ինչ է պատկերված տվյալ նկարներին։
Ցանկացած թանգարանում արգելված է դիպչել ցուցանմուշներին, մինչդեռ հենց շոշափելիքի զգայարաններն են ծառայում տեսողության խնդիրներ ունեցող մարդուն՝ որպես պատուհան, որից նա տեսնում է աշխարհը։ «Խոսող կտավներ» ներառական նախագծի նպատակը տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց բարձր արվեստի աշխարհ ներգրավվելն է։ Ծրագրի շրջանակում ստեղծվել են թանգարանի հավաքածուից 6 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ. Մարտիրոս Սարյան. Պաննո «Հայաստան» (1964), Արագած (1925), Կոստանդնուպոլսի շները (1910), VII դարի Կարմրավոր եկեղեցին. Աշտարակ (1956), Դեպի աղբյուր (1928), Երևանյան բակը գարնանը (1928)։
Շոշափելի նկարը կտավի ռելիեֆային պատկերն է, որը պատրաստվում է հիպոալերգեն պլաստիկից։ Շոշափելի պատճենը թույլ է տալիս տեսողության խնդիրներ ունեցող մարդուն զանազանել նկարում պատկերված հերոսների դիմագծերն ու հագուստը, բնապատկերի դետալները։
«Ֆրանսիացի քննադատ Լուի Վոկսելն ասել է․ «Նախ Սարյանն է նկարել Հայաստանը, հետո միայն Աստված ստեղծել է այն»։ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ մենք ստեղծել ենք այնպիսի մատչելի միջավայր, ուր տեսողության խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին հասանելի կդառնա սարյանական հրաշքը։ Անչափ ուրախ ենք, որ մեր աշխատանքի արդյունքում Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում բնօրինակների կողքին կտեղադրվեն Վարպետի 6 կտավի շոշափելի պատճենները։ Շոշափելի կտավները ուղեկցվում են նաև սիրված դերասանների կողմից ձայնագրված տիֆլոմեկնաբանություններով, որոնց շնորհիվ դրանք նաև խոսում են»,- նշում է ծրագրի հեղինակ, «Սարեր» մշակութային հասարակական կազմակերպության նախագահ Էռնա Ռևազովան։
Յուրաքանչյուր շոշափելի կտավը լրացվում է տիֆլոմեկնաբանություններով։ Տիֆլոմեկնաբանությունը հակիրճ տեղեկատվություն է, որը հատուկ պատրաստված է կույրերի և թույլ տեսողություն ունեցողների համար՝ փոխարինելու տեսողական տեղեկատվությունը, որը ճակատագրի բերմամբ անհասանելի է նրանց համար։
Նշենք, որ նախագծի հնչյունային ռեժիսորն է կոմպոզիտոր Վահան Նահապետյանը, ով, լինելով նախագծի թիրախային լսարանի ներկայացուցիչ, հանդես է գալիս նաև որպես ներառական նախագծի գլխավոր փորձագետ։
Նախորդ տարի Հայաստանի ազգային պատկերասրահում «Խոսող կտավներ» ներառական պիլոտային նախագծի ընթացքում Հայաստանում առաջին անգամ ստեղծվել էին Պատկերասրահի 5 գլուխգործոցի շոշափելի կրկնօրինակներ․ հաշվի առնելով ներառական նախագծի նկատմամբ հետաքրքրությունը, այս տարի որոշվել է նաև ստեղծել տիֆլոմեկնաբանություններ անգլերեն և ռուսերեն տարբերակներով՝ Սարյանի Պաննո «Հայաստան» կտավի համար։ Տիֆլոմեկնաբանությունները ստեղծվել են նախագծի գործընկեր Արարատ թանգարանի հետ միջթանգարանային համագործակցության շրջանակներում։
Նախագիծն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։