«Ժոնգթոնգ», «Հայգեր» և «ԳԱԶել-Սիթի» մակնիշի ավտոբուսների վարորդներն օգոստոսի մեկից կստանան բարձրացված աշխատավարձ: Նոր հաշվարկն արվում է արդեն այս ամսից:
Հովհաննես Մանուկյան («Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն) - Հուլիսի մեկից իրենց աշխատավարձը նույնպես բարձրացել է 20 տոկոսով: Այսինքն՝ այն ժամանակ «Ժոնգթոնգ» ավտոբուսի վարորդը 350 հազար դրամ էր ստանում, հիմա ստանում է 420 հազար դրամ: Մաքուր աշխատավարձ 330 հազար դրամ է ստանում՝ 14 օրվա համար: «Գազել» մակնիշի վարորդը առաջ ստանում էր 250 հազար դրամ, հիմա ստանում է 300 հազար դրամ, մաքուր աշխատավարձը 234 հազար դրամ` նույնպես 14 օրվա համար:
Գեղամ Դուրգարյան (վարորդ) - Ես, օրինակ, ստացել եմ 260 հազար, հիմա արդեն, որ բարձրացել է, կստանամ մի 315-320 հազար:
«Հայգեր» մակնիշի ավտոբուսների վարորդների աշխատավարձը հաշվարկվում է ժամավճարով: Նրանք աշխատում են առանց հերթափոխի, մեկ հանգստյան օրով:
Հովհաննես Մանուկյան - «Հայգեր» մակնիշինը, որը ժամանակին 624 դրամ է եղել մեկ ժամը, բարձրացել է 1050 դրամ: Այսինքն՝ մաքուր աշխատավարձը 1 ժամվա համար 790 դրամ կլինի: Սա նույնպես հավասար է մոտավորապես «Ժոնգթոնգ»-ի աշխատավարձին, անգամ մի փոքր բարձր, եթե իրենց ժամային գրաֆիկը ճշգրիտ պահեն, այն 330 հազար դրամը, որը «ժոնգթոնգ»-ի վարորդը մաքուր պետք է ստանա, նվազագույնը այդքան ստանալու է:
«ՄԱՆ»-ի վարորդների աշխատավարձը բարձր է եղել ի սկզբանե, երբ ապրիլին այդ մակնիշի առաջին ավտոբուսը դուրս է եկել երթուղի: Այդ օրերին «Երևանի ավտոբուս» ընկերության տնօրեն նշանակված և պաշտոնավարման հարյուր օրը լրացնող Հովհաննես Մանուկյանն ասում է՝ սկզբում նախատեսված էր 450 հազար դրամ աշխատավարձ: Հենց սկզբից քաղաքային իշխանությանն առաջարկել է դարձնել 550 հազար, որը պահումներից հետո կազմում է 410 հազար:
Մանուկյանն ընդգծում է՝ մրցունակ աշխատավարձը նաև հնարավորություն է տալիս խիստ պահանջներ ներկայացնել վարորդներին, այդ թվում` հիգիենայի, սպասարկման կուլտուրայի հետ կապված, ունենալ ընտրության հնարավորություն: Ղեկին ծխելը, ուղևորի հետ կոպիտ վերաբերմունքը կարող է միանգամից աշխատանքից ազատելու պատճառ դառնալ: Արդեն հինգ այսպիսի դեպք է եղել:
Հովհաննես Մանուկյան - Միգուցե ասեն` իրավունք չունեք հեռացնելու, բայց պայմանը պայման է՝ ղեկին չեն ծխելու, երաժշտություն չեն միացնելու, մարդկանց հետ չեն խոսելու, եթե ուղևորների հետ հարց կա` այո կամ ոչ: Նախ` բոլորը գիտեն, որ սրահում ծխելը արգելվում է ինչպես ուղևորների համար, այնպես էլ վարորդի: Վարորդը իրավունք չունի այդ կարգը խախտելու: Եթե դրա համար ինձ պետք է պատժեն, ես պատրաստ եմ պատժվել:
Ավտոբուսի վարորդների համազգեստը մինչև օգոստոսի սկիզբ կդառնա միանման՝ կապույտ վերնաշապիկ և դասական տաբատ: «Երևանի ավտոբուս» ընկերությունում այժմ մոտ 1300 վարորդ է աշխատում: Մինչև սեպտեմբեր ևս 200-ին ընդունելու կարիք կա:
Հեղինակ` Աննա Զախարյան