ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ Է
Ֆրանսիայի Նանտեր քաղաքում ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո երկրում լարված իրավիճակը հանդարտվել է, այսօր զանգվածային ցույցեր չեն արձանագրվել:
Անցած շաբաթվանից Ֆրանսիան պատուհասած բողոքի ակցիաների ընթացքում մի շարք բնակավայրերում քաղաքացիներն այրել ու կողոպտել են խանութներ, առևտրի կենտրոններ, հրկիզել ավտոմեքենաներ: Անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 3000 ցուցարար, հիմնականում` անչափահասներ և երիտասարդներ: Կան տուժածներ` ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում, հրդեհը մարելու ժամանակ 1 հրշեջ է մահացել: Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլի դատարանն էլ առաջին դատավճիռներն է կայացրել անկարգություններին մասնակցելու գործով։ Ֆրանսիայի արդարադատության նախարարը զգուշացրել է, որ պատասխանատվության կարող են ենթարկվել նաև անկարգություններին մասնակցած անչափահասների ծնողները։
Տղայի վրա կրակած ոստիկանն այժմ կալանքի տակ է՝ կանխամտածված սպանության կասկածանքով։ Նա քննիչներին ասել է, որ կրակ է բացել՝ մտածելով, թե 17-ամյա տղայի գործողությունները կարող են հանգեցնել մասշտաբային վթարի և այլ վարորդների մահվան պատճառ դառնալ:
ՉԵՆՔ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ՈՒԿՐԱԻՆԱՆ ԱՌԱՆՑ ՂՐԻՄԻ. ԶԵԼԵՆՍԿԻ
Պատերազմը չի ավարտվի, քանի դեռ Ղրիմն օկուպացված է՝ CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին:
«Այս պատերազմում հաղթանակ կհամարենք 1991 թվականի դրությամբ մեր պետության տարածքային ամբողջականության վերականգնումը: Մենք չենք կարող պատկերացնել Ուկրաինան առանց Ղրիմի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին անդրադարձել է նաև հունիսի 24-ին Ռուսաստանում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինված ապստամբության փորձին: Նա ընդգծել է՝ տեղի ունեցածն ապացուցում է, որ ՌԴ նախագահը կորցնում է վերահսկողությունը սեփական ժողովրդի նկատմամբ:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՐԱՎՈՒՄ ԵՎ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԹԵԺ ՄԱՐՏԵՐԸ
Ուկրաինայի արևելքում շարունակվում են ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունները։ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվում Բախմուտի ուղղությամբ, իսկ ռուսական կողմը հարձակվում է Լիմանի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով՝ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը։
Նա հավելել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը ևս մի քանի կիլոմետր առաջ են շարժվել, սակայն ռուսական գնդակոծություններն ավելացել են: Աննա Մալյարի խոսքով՝ ուկրաինական կողմը շարունակում է հարձակողական գործողությունները նաև հարավում:
ՇՈՅԳՈՒՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ անդրադարձել է Ռուսաստանում զինված հեղաշրջման փորձին:
«Երկրում իրավիճակն ապակայունացնելու ծրագրերը ձախողվեցին, քանի որ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը հավատարիմ մնաց զինվորական երդմանը», - ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սադրանքը չի ազդել ռուսական զորքերի գործողությունների վրա։
«Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության շրջանակում արդյունավետորեն ջախջախում են Ուկրաինայի զինված ուժերին», - հավելել է Շոյգուն՝ նշելով, թե ուկրաինական կողմը որևէ ուղղությամբ չի հասել իր նպատակներին:
ԼԵՀԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Վարշավան ոստիկանների լրացուցիչ 500-հոգանոց ստորաբաժանում կուղարկի Բելառուսի հետ սահման, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարարը: Բլաժեյ Պոբոժին հավելել է, որ իրավապահների խմբում ընդգրկված են նաև հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ, նրանք սահմանին կտեղակայվեն մինչև վաղը:
Ավելի վաղ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Բելառուսի հետ սահմանը կուժեղացվի՝ այդ երկրում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զորքերի տեղակայման հետ կապված։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բելառուսում շուրջ 8000 զինվոր կա: Այս փաստը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի համար»,- նշել էր պաշտոնյան:
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով կմեկնի Բաքու, հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ Իրանցի դիվանագետը կմասնակցի Չմիավորման շարժման գագաթնաժողովին, ինչպես նաև աշխատանքային հանդիպում կունենա Բայրամովի հետ։
Օրակարգում են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Բաքու-Թեհրան երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ այցի նպատակն է ամրապնդել վերջերս դիվանագիտական մի շարք քայլերից հետո երկու երկրի շփումներում արձանագրված դրական մթնոլորտը:
ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Է
Իսրայելի զինված ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքի և փախստականների համանուն ճամբարի մերձակայքում՝ հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ ԶՈւ մամուլի ծառայության տվյալով՝ իսրայելական կողմը թիրախավորել է շտաբը, որն օգտագործվում է Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար։ Բանակի մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ իսրայելական զինվորականների և պաղեստինցի գրոհայինների միջև հրաձգություն է եղել:
Պաղեստինի ԱԳՆ-ն էլ դատապարտել է Իսրայլեին՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն անպաշտպան ժողովրդին թիրախավորելու համար: Հայտնի է տասնյակ վիրավորների և առնվազն 8 զոհի մասին:
Ջենինի իշխանությունը հորդորել է քաղաքացիներին տնտեսել ջուրը, քանի որ իսրայելական հարվածների հետևանքով ջրամատակարարման համակարգը խափանվել է:
ԻՍՐԱՅԵԼԸ ՈՐՈՇԵԼ Է ԱՄՆ-ԻՑ 25 F-35 ԿՈՐԾԱՆԻՉ ԳՆԵԼ
Իսրայելի իշխանությունները որոշել են ԱՄՆ-ից ևս 25 F-35 կործանիչ գնել, դա կարժենա շուրջ 3 միլիարդ դոլարով՝ գրում է Jerusalem Post-ը։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հավանություն է տվել երկրի շտաբի պետի համապատասխան առաջարկին։ Ակնկալվում է, որ կործանիչների մատակարարման պայմանագիրը կկնքվի առաջիկա ամիսներին։
Պարբերականը նշում է, որ այս գործարքից հետո Իսրայելը կունենա 75 միավոր F-35։