Կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում հանդիպում է ունեցել վարչապետ Էլիզաբեթ Բորնի և ներքին գործերի ու արդարադատության նախարարների հետ: Երեքշաբթի նախատեսված է նրա հանդիպումը տուժած համայնքների ղեկավարների հետ։ Այդ մասին հայտնում է BFM հեռուստաալիքը։
Հանդիպման ընթացքում Մակրոնը նախարարներին հորդորել է հնարավոր ամեն ինչ անել Ֆրանսիայում կարգուկանոն հաստատելու և խաղաղությունը վերականգնելու համար։
Ավելի վաղ հանդարտության կոչ էր արել նաև ոստիկանի կողմից սպանված դեռահասի տատը։
Չայած Reuters-ը ենթադրում է, որ հորդորն ընդունվել է, տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, բազմահազարանոց ցույցեր են անցել, քաղաքացիներն այրել ու կողոպտել են խանութներ, առևտրի կենտրոններ, հրկիզել ավտոմեքենաներ: Անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 3000 ցուցարար՝ հիմնականում անչափահասներ և երիտասարդներ: Կարգ ու կանոնն ապահովելու համար մոբիլիզացվել է շուրջ 45 հազար ոստիկան և ժանդարմ։
ԶԼՄ-ների տվյալով՝ ամենամասշտաբային ակցիաներն անցել են Մարսելում, Լիոնում, Սենտ Էտիենում, Թուլուզում, Բորդոյում, Փարիզի արվարձաններում։ Կան տուժածներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում, հրդեհը մարելու ժամանակ 1 հրշեջ է մահացել: Ֆրանսիայի հյուսիսային մի շարք բնակավայրերում պարետային ժամ է սահմանվել։
Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետ Վենսան Ժանբրյունը հայտնել է, որ անհայտ անձինք փորձել են հրկիզել իր տունը, ինչի հետևանքով պաշտոնյայի կինն ու երեխան վիրավորվել են։ Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Լա Ռիշ կոմունայում: Անհայտ անձինք ներխուժել են քաղաքապետի տան տարածք և փորձել այրել նրա ծառայողական մեքենան։
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլի դատարանն էլ առաջին դատավճիռներն է կայացրել անկարգություններին մասնակցելու գործով։ Երեք հոգի դատապարտվել է 3-4 ամսվա ազատազրկման։ Ֆրանսիայի արդարադատության նախարարը զգուշացրել է, որ պատասխանատվության կարող են ենթարկվել նաև անկարգություններին մասնակցած անչափահասների ծնողները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է հուլիսի 2-4-ը նախատեսված պետական այցը Գերմանիա։ Նա անկարգությունների դեմ պայքարի հարցով խորհրդակցություն է անցկացրել, ներքին գործերի և արդարադատության նախարարներին հանձնարարել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անկարգությունները դադարեցնելու համար։
Տղայի վրա կրակած ոստիկանն այժմ կալանքի տակ է՝ կանխամտածված սպանության կասկածանքով։
Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունները տագնապ են առաջացրել արտերկրում։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ նախագահ Էմանուել Մակրոնի Գերմանիա այցը հետաձգելուց մեկ օր անց։