Հրանտ Մինասյան («Ճանապարհային դեպարտամենտի» հիմնանորոգման ծրագրերի կառավարման բաժնի ավագ ինժեներ) - Ճանապարհի առկա վիճակը էլ թույլ չէր տալիս պատշաճ ձևով փոխադրումներ անել
Խոսքը Երևանը շրջանցող Վերին Պտղնի -Ջրվեժ հանգույցի մասին է՝ միջպետական նշանակության այս ավտոճանապարհը 30 տարի է՝ չէր հիմնանորոգվել:
Հրանտ Մինասյան - Մայրուղի ենք անում, բայց բնակավայրերով անցնող մայրուղիները դժվարություններ ունենում են
Ամենախիստ չափորոշիչներին համապատասխանող 8,2 կմ երկարությամբ ճանապարհ է լինելու: Պայմանագրային արժեքը 1,6 մլրդ դրամ, 2 փուլով է նորոգվելու: Հիմա մեկնարկել է 5 կմ-ի հիմնանորոգումը: Մոտ 697 միլիոն դրամը կառավարության որոշմամբ արդեն հատկացվել է։
Ալեքսանդր Խարիտով (շինարարական կազմակերպության ծրագրի ղեկավար) - Մենք գտնվում ենք մոտավորապես 4-րդ կմ-ի վրա: Էս 5 կմ-ի վրա ենք ունենալու ներքին շերտ, տոնավաճառի հատվածում աշխատանքներ դեռ չենք նախատեսում, երբ հանեցինք, տեսանք՝ կավային գրունտ է, ինչը պետք էր հեռացվեր, որ ասֆալտ անելուց հետո ճաքեր չառաջանային:
Մինչև հին ասֆալտի հեռացումը դրա մասին չեն իմացել: Աշխատանքի ընթացքը փոխվել է: Այն տեղամասերում, որտեղ կա կավային գրունտ, կանգառները երկար են տևում, մինչև ամբողջությամբ հեռացնեն, ապա մինչև ասֆալտին հասնելը քարային լիցք անեն:
Ալեքսանդր Խարիտով - Էս հատվածում մոտ 1 մ խորությամբ հանույթ ենք արել, այնքան ենք հանում, որքան պետք է, մինչև հիմքին հասնենք ու տեսնենք, որ չոր է:
Որոշ տեղերում գուցե ճանապարհը մի քիչ լայնանա, փոփոխություններ կլինեն, որ համապատասխանի բոլոր չափանիշներին: Գառնի, Երևանի Նոր նորք, Նորք-Մարաշ վարչական շրջաններ, անգամ Արտաշատ գնալու համար այս ճանապարհը Երևանի կենտրոնը շրջանցող լավագույն տարբերակը կարող է լինել՝ պատասխանատուներն են ընդգծում: Այս ճանապարհով նաև բեռնատար մեքենաների երթևեկն է ակտիվ:
Հրանտ Մինասյան - Հիմնանորոգման ժամանակ 46 սմ պատվածք է տեղադրվելու, որից 11 սմ լինելու է ասֆալտբետոնե շերտը, այսինքն՝ նախագծման ժամանակ նաև դա է հաշվի առնվել:
Երթևեկությունը չեն փակում, քանի որ անգամ այսպիսի պայմաններով շատ վարորդների համար այս ճանապարհին այլընտրանք չկա, փորձում են ըստ աշխատանքների ընթացքի միակողմանի երթևեկ կազմակերպել, կանոնակարգել: Թե արդեն սկսված 5 կմ-ի հիմնանորոգումը ե՛րբ կավարտեն՝ կախված է, թե ընթացիկ աշխատանքներն անելիս ինչ չնախատեսված բարդություններ ի հայտ կգան: Պայմանագրով նախատեսված է մինչև տարեվերջ, բայց կփորձեն աշնանն արդեն ավարտած լինել: Հետո արդեն անցնել մյուս՝ 3,2 կմ-ի հիմնանորոգմանը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան