Հռոմի Ֆրանցիսկոս Պապը դատապարտել է Ստոկհոլմում Ղուրանի այրման հերթական ակցիան: «Խոսքի ազատությունը չի տալիս ուրիշներին վիրավորելու իրավունք»,- հայտարարել է պոնտիֆիկոսը: Ուշագրավ է, որ Ղուրանի այրումը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ին անդամակցելու՝ Շվեդիայի ջանքերի ֆոնին: Հիշեցնենք, որ Ստոկհոլմի եվրատլանտյան ինտեգրմանը խոչընդոտում են դաշինքի անդամ երկրներից միայն Թուրքիան և Հունգարիան: Միջադեպից հետո Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը անիրականանալի երազանք կմնա Ստոկհոլմի համար:
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ԿՄԵԿՆԻ ԲԱՔՈՒ
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հրավերով կմեկնի Բաքու՝ հայտնում է Իրանի ԱԳՆ-ն։ Իրանցի դիվանագետը կմասնակցի Չմիավորման շարժման գագաթնաժողովին, ինչպես նաև աշխատանքային հանդիպում կունենա Բայրամովի հետ։
Օրակարգում են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև Բաքու-Թեհրան երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունները:
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ այցի նպատակն է ամրապնդել վերջերս դիվանագիտական մի շարք քայլերից հետո երկու երկրի շփումներում արձանագրված դրական մթնոլորտը:
ՊԱՂԵՍՏԻՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿ Է
Իսրայելի զինված ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքի և փախստականների համանուն ճամբարի մերձակայքում՝ հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ ԶՈՒ մամուլի ծառայության տվյալով՝ իսրայելական կողմը թիրախավորել է շտաբը, որն օգտագործվում է Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար։ Բանակի մամուլի ծառայությունից նաև տեղեկացրել են, որ իսրայելական զինվորականների և պաղեստինցի գրոհայինների միջև հրաձգություն է սկսվել, օդային հարվածներ են հասցվել՝ իսրայելական ուժերին պաշտպանելու նպատակով:
Պաղեստինի ԱԳՆ-ն էլ դատապարտել է Իսրայելին՝ պաղեստինցիների դեմ ագրեսիայի և պաղեստինա-իսրայելական հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու փոխարեն անպաշտպան ժողովրդին թիրախավորելու համար: Առողջապահության նախարարության տվյալով՝ իսրայելական հարվածների հետևանքով կան վիրավորներ և առնվազն մեկ զոհ:
ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԲԱՐԴ Է. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի արևելքում շարունակվում են ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունները։ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվում Բախմուտի ուղղությամբ, իսկ ռուսական կողմը հարձակվում է Լիմանի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը։
Նա հավելել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը ևս մի քանի կիլոմետր առաջ են շարժվել, սակայն ռուսական գնդակոծություններն ավելացել են: Աննա Մալյարի խոսքով՝ ուկրաինական կողմը շարունակում է հարձակողական գործողությունները նաև հարավում:
Վոլոդիմիր Զելենսկին ևս հայտարարել է, որ ուկրաինական ուժերը մարտի դաշտում առաջընթաց են գրանցում: Նա, այնուհանդերձ, նշել է, որ առաջնագծում իրավիճակը բարդ է:
ՇՈՅԳՈՒՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՌԴ-ՈՒՄ ԶԻՆՎԱԾ ՀԵՂԱՇՐՋՄԱՆ ՓՈՐՁԻՆ
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ անդրադարձել է Ռուսաստանում զինված հեղաշրջման փորձին: «Երկրում իրավիճակն ապակայունացնելու ծրագրերը ձախողվեցին, քանի որ Ռուսաստանի զինված ուժերի անձնակազմը հավատարիմ մնաց զինվորական երդմանը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սադրանքը չի ազդել ռուսական զորքերի գործողությունների վրա, նրանք շարունակել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։
«Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության շրջանակում արդյունավետորեն ջախջախում են Ուկրաինայի զինված ուժերին՝ նվազեցնելով նրանց հարձակողական ներուժը»,- հավելել է Շոյգուն՝ նշելով, թե ուկրաինական կողմը ոչ մի ուղղությամբ չի հասել իր նպատակներին:
ԼԵՀԱՍՏԱՆՆ ՈՒԺԵՂԱՑՆՈՒՄ Է ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Վարշավան ոստիկանների լրացուցիչ՝ 500-հոգանոց ստորաբաժանում կուղարկի Բելառուսի հետ սահման՝ հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարարը: Բլաժեյ Պոբոժին հավելել է, որ իրավապահների խմբում ընդգրկված են նաև հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ, նրանք սահմանին կտեղակայվեն մինչև վաղը: 500-հոգանոց ստորաբաժանումը կմիանա լեհ-բելառուսական սահմանի անվտանգությունն ապահովող 7000 զինծառայողներին:
Ավելի վաղ Լեհաստանի փոխվարչապետ Յարոսլավ Կաչինսկին հայտարարել էր, որ Բելառուսի հետ սահմանը կուժեղացվի՝ այդ երկրում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զորքերի տեղակայման հետ կապված։ «Մեր ունեցած տեղեկություններով՝ Բելառուսում շուրջ 8000 զինվոր կա: Այս փաստը վտանգ է ներկայացնում Ուկրաինայի, Լիտվայի և Լեհաստանի համար»,- նշել էր պաշտոնյան: