Հանգստյան օրերին Թել Ավիվում և Իսրայելի այլ բնակավայրերում տասնյակ հազարավոր քաղաքացիներ հերթական անգամ ցույցեր են անցկացրել՝ բողոքելով վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության դատական փոփոխությունների դեմ։
Ցուցարարները պնդում են, որ Նեթանյահուն փորձում է յուրացնել իշխանությունը և վերա-հսկել դատական համակարգը։ Հատկանշական է, որ ակցիաները չեն դադարում անգամ վարչապետի՝ օրերս արած հայտարարությունից հետո, որ Իսրայելի կառավարությունը կհրաժարվի ամենավիճահարույց օրինագծից, որով խորհրդարանը Գերագույն դատարանի որոշումները չեղարկելու իրավասություն էր ստանալու, իսկ իշխող կոալիցիան ավելի շատ լիազորություններ՝ դատավորներ նշանակելու հարցում: Միջազգային անցուդարձի այլ ուշագրավ նորությունները՝ տեսաշարում:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ֆրանսիայի Նանտեր քաղաքում ոստիկանի կողմից 17-ամյա վարորդի սպանությունից հետո արդեն մի քանի օր է՝ երկրում լարված իրավիճակը պահպանվում է: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, բազմահազարանոց ցույցեր են անցել, քաղաքացիներն այրել ու կողոպտել են խանութներ, առևտրի կենտրոններ, հրկիզել ավտոմեքենաներ: Անկարգությունների ժամանակ ձերբակալվել է ավելի քան 3000 ցուցարար՝ հիմնականում անչափահասներ և երիտասարդներ: Կարգ ու կանոնն ապահովելու համար մոբիլիզացվել է շուրջ 45 հազար ոստիկան և ժանդարմ։
ԶԼՄ-ների տվյալով՝ ամենամասշտաբային ակցիաներն անցել են Մարսելում, Լիոնում, Սենտ Էտիենում, Թուլուզում, Բորդոյում, Փարիզի արվարձաններում։ Կան տուժածներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահների շրջանում, հրդեհը մարելու ժամանակ 1 հրշեջ է մահացել: Ֆրանսիայի հյուսիսային մի շարք բնակավայրերում պարետային ժամ է սահմանվել։
Լ՚այ-լե-Ռոզ քաղաքի քաղաքապետ Վենսան Ժանբրյունը հայտնել է, որ անհայտ անձինք փորձել են հրկիզել իր տունը, ինչի հետևանքով պաշտոնյայի կինն ու երեխան վիրավորվել են։ Նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել Լա Ռիշ կոմունայում: Անհայտ անձինք ներխուժել են քաղաքապետի տան տարածք և փորձել այրել նրա ծառայողական մեքենան։
Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Գրենոբլի դատարանն էլ առաջին դատավճիռներն է կայացրել անկարգություններին մասնակցելու գործով։ 3 հոգի դատապարտվել է 3-4 ամսվա ազատազրկման։ Ֆրանսիայի արդարադատության նախարարը զգուշացրել է, որ պատասխանատվության կարող են ենթարկվել նաև անկարգություններին մասնակցած անչափահասների ծնողները։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հետաձգել է հուլիսի 2-4-ը նախատեսված պետական այցը Գերմանիա։ Նա անկարգությունների դեմ պայքարի հարցով խորհրդակցություն է անցկացրել, ներքին գործերի և արդարադատության նախարարներին հանձնարարել ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ անկարգությունները դադարեցնելու համար։
Տղայի վրա կրակած ոստիկանն այժմ կալանքի տակ է՝ կանխամտածված սպանության կասկածանքով։
ՂՐԻՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԵՔԵՆԱՆ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՊԱՅԹԵՑՆԵԼ
Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովի ավտոմեքենան փորձել են պայթեցնել՝ հայտարարել է Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը: Կառույցի տվյալով՝ մահափորձը կանխվել է: Հանցագործը ձերբակալվել է:
Նա, ըստ ԱԴԾ-ի, Ռուսաստանի քաղաքացի է և գործակցել է Ուկրաինայի անվտանգության ծառայության հետ: Ձերբակալվածն ընդունել է մեղքը և նշել, թե իրեն հավաքագրել են 2022 թվականի դեկտեմբերին:
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողության փորձի և պայթուցիկ նյութերի ապօրինի ձեռքբերման հոդվածներով:
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԾԱՆՐ ՄԱՐՏԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ. ՄԱԼՅԱՐ
Ուկրաինայի արևելքում շարունակվում են ինչպես հարձակողական, այնպես էլ պաշտպանական գործողությունները։ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվում Բախմուտի ուղղությամբ, իսկ ռուսական կողմը հարձակվում է Լիմանի, Ավդեևկայի և Մարյինկայի ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը։
«Հակառակորդը փորձում է դուրս մղել մեր զորքերին զբաղեցրած դիրքերից, սակայն համապատասխան հակահարված է ստանում: Այժմ ծանր մարտերը շարունակվում են»,- մանրամասնել է Անա Մալյարը:
Նա հավելել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ուկրաինական ուժերը ևս մի քանի կիլոմետր առաջ են շարժվել, սակայն ռուսական գնդակոծություններն ավելացել են: Մալյարի խոսքով՝ ուկրաինական կողմը շարունակում է հարձակողական գործողությունները նաև հարավում:
ԻՍՐԱՅԵԼԻ ԲԱՆԱԿԸ ՋԵՆԻՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ
Իսրայելի զինված ուժերը լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են սկսել Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող Ջենին քաղաքի և փախստականների համանուն ճամբարի մերծակայքում՝ հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։ Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ իսրայելական հարվածների հետևանքով կա մեկ զոհ և վիրավորներ:
ԶՈՒ մամուլի ծառայության տվյալով՝ իսրայելական կողմը թիրախավորել է շտաբը, որն օգտագործվում է զինյալների հավաքագրման և Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու համար։ Նշվում է նաև, թե Իսրայելի անվտանգության ուժերի կողմից հետախուզվող պաղեստինցիներն օգտագործել են այդ վայրը որպես ապաստարան:
Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ իսրայելական բանակը Ջենին քաղաքի բնակիչներին էլեկտրոնային նամակներով կոչ է անում մնալ տանը, քանի որ տեղում անվտանգության ուժեր են աշխատում: