Հայաստանի ֆինանսական շուկան վերջին ամիսներին ակտիվացել է. թե՛ պարտատոմսերի, թե՛ բաժնետոմսերի պահանջարկը մեծացել է: Արդյունքում՝ բաժնետոմսերի կապիտալիզացիան այս տարվա հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 31 մլրդ դրամով՝ 250.5 մլրդ-ից դառնալով 281.7 մլրդ դրամ: Պետական պարտատոմսերի շուկայական արժեքը 1 տրլն 314 մլրդ-ից դարձել է 1 տրլն 979 մլրդ դրամ: Շուկայի ակտիվության վրա ազդել են մի շարք գործոններ, այդ թվում՝ Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի մեծ մասի ձեռքբերումը՝ նշում է բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը:
Հայկ Եգանյան (Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն) - Մեծ հետաքրքրություն ա մեր շուկայի հանդեպ սկսել ձևավորվել, օրինակ՝ լեհական բանկերի կողմից, իսկ լեհական բանկերը ոչ թե միայն Լեհաստանում, լեհական բանկ նկատի ունեմ, այլև Լեհաստանում գործող նաև միջազգային բանկեր, օտարերկրյա բանկեր, ներդրումային ընկերություններ և ֆոնդեր, որոնք ներդրումներ են կատարում Վարշավայի ֆոնդային բորսայում:
Նաև արտասահմանյան խոշոր ներդրողների համար հետաքրքիր է դառնում դրամով Հայաստանի պետական պարտատոմսերի ձեռքբերումը՝ վստահեցնում է Եգանյանը:
Հայկ Եգանյան - Տարվա սկզբից առ այսօր կարծեմ մոտ 250 մլն դոլարի համարժեք դրամով Հայաստանի պետական պարտատոմսեր են ձեռք բերվել: Հետաքրքրությունը մեծ ա, որովհետև տնտեսական աճ կա, այսինքն՝ տնտեսության ցուցանիշները լավն են, ներդրողների համար վստահելի երկիր է դիտարկվում այն առումով, որ եթե տնտեսությունն աճում ա, նշանակում ա, որ տնտեսությունն ունակություն ունի վճարելու իր պարտքերը:
Կենտրոնական բանկի ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ Կարեն Հակոբյանը բաժնետոմսերի շուկայի ակտիվության գործոնն է ընդգծում, նշում՝ տպավորիչ թվեր կան:
Կարեն Հակոբյան (ՀՀ ԿԲ ֆինանսական համակարգի կարգավորման վարչության պետ) - Եթե, օրինակ՝ դիտարկենք բաժնետոմսերով կնքված գործարքների ծավալը 2023 թ. առաջին եռամսյակում, ապա այն շուրջ 7 անգամ գերազանցում է 2022-ի եռամսյակային միջին ցուցանիշները, 2023-ի առաջին եռամսյակում այն կազմել է շուրջ 2 մլրդ դրամ:
Ֆինանսական շուկայի ակտիվացումը նկատում են նաև փորձագետները: Հատկապես կարևորում տնտեսության իրական հատվածի ընկերությունների կողմից պարբերաբար իրականացվող արժեթղթերի թողարկումները:
Էդգար Աղաբեկյան («Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ) - էն հնարավորությունները, որը տալիս է արժեթղթերի շուկան, կորպորատիվ պարտատոմսերի շուկան, ընկերությունները, որոնք գիտակցում են այդ շուկայի հնարավորությունները, փորձում են օգտվել: Դա, ի հակադրություն էն բանկային, վարկային ֆինանսավորման, ավելի լայն հնարավորություններ է տալիս, մյուս կողմից էլ՝ ներդրողների համար է ավանդներին կամ այլ ֆինանսական գործիքներին այլընտրանք:
Ենթակառուցվածքների և ոլորտում օրենքների մշակման առումով Հայաստանը զարգացած երկրների թվում է՝ վստահեցնում է Հայկ Եգանյանը: Առաջիկայում ակնկալվում է, որ միջազգային ներդրումային բանկերը կսկսեն հետաքրքրություն դրսևորել և ավելի ակտիվացնել հայկական ֆինանսական շուկան:
Հայկ Եգանյան - Լավ հնարավորություն ա բացվել, տնտեսական աճ կա, ընկերությունները զարգանում են, շահութաբերությունը բարձր ա, և, բնականաբար, ներդրողները արտասահմանյան հետաքրքրված են Հայաստանի տնտեսությունով: Հիմա հարց. մեր ընկերությունները ուզո՞ւմ են ներդրողներ ներգրավել, թե՞ չէ, միգուցեև որոշ ընկերություններ ցանկանան, որովհետև դա ներդրում ա ընկերության ապագայի զարգացման մեջ, առանց ֆիքսված պարտքի տոկոսների:
Ֆինանսական ոլորտի ներկայացուցիչները վստահ են՝ շուկայի զարգացման ներկա միտումները կպահպանվեն:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան