Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով հանդես է եկել «Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման» խորագիրը կրող Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողովին: Արդարադատության նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնին (CIPE), Կորպորատիվ կառավարման կենտրոնին` համաժողովը կազմակերպելու, ինչպես նաև կորպորատիվ մշակույթի և հակակոռուպցիոն համապատասխանության ուղղություններով Հայաստանում իրականացվող շարունակական աշխատանքների համար: Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Կարեն Կարապետյանը նշել է, որ մասնավոր և գործարար հատվածում լիարժեք կորպորատիվ կառավարման համապատասխանության ժամանակակից լուծումների ներդրումը և երկրում բիզնեսի համար թափանցիկ խաղի կանոնների սահմանումն ու բյորոկրատական խոչընդոտների վերացումը գտնվում են Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարական գործողությունների շարքում: Հետևապես
2019-2022 թթ. հակակոռուպցիոն ռազմավարությամբ ներառվել և իրականացվել են գործարար ոլորտում հակակոռուպցիոն համապատասխանության պահանջների ընդունման խթանմանը, գնումների ոլորտի կատարելագործմանը, իրավաբանական անձանց իրական շահառուների ինստիտուտի ներդրմանը, տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի վերաբերյալ օրենսդրության կատարելագործմանն ուղված մի շարք միջոցառումներ:
Կարապետյանը նաև նշել է, որ այս միջոցառումները լինելու են շարունակական և զարգացվելու են ներկայումս մշակման փուլում գտնվող
2023-2026 թթ. հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում:
Կարեն Կարապետյանը կարևորել է մասնավոր հատվածի ներգրավվածությունը ոչ միայն հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացմանը, այլև՝ հակակոռուպցիոն ռազմավարության մշակմանը՝ որպես օրինակ վկայակոչելով Հակակոռուպցիոն ռազմավարության մշակող աշխատանքային խմբում մասնավոր հատվածի քաղաքացիական հասարակության ներկայացվածությունը և վերջիններիս ակտիվ դերակատարումը: