Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտեն (ԼՊԿ) Ադրբեջանին կոչ է արել պայմաններ ստեղծել ցույցերի անարգել լուսաբանման համար և հետաքննել մամուլի ներկայացուցիչների նկատմամբ ոստիկանության բռնությունները։
Հունիսի 22-ից ադրբեջանական ոստիկանությունը ձերբակալել է, ծեծի ենթարկել, սպառնացել կամ այլ կերպ խոչընդոտել է Սոյուդլու գյուղում բնապահպանական ցույցերը լուսաբանող առնվազն վեց լրագրողի աշխատանքը, ասվում է ԼՊԿ-ի հայտարարության մեջ:
Լրատվամիջոցների տվյալներով՝ հունիսի 20-ին Սոյուդլու գյուղում տեղի ոսկու հանքի դեմ բողոքի ցույցերից հետո ոստիկանությունը հունիսի 22-ից սահմանափակել է մուտքը գյուղ՝ թույլ տալով այնտեղ մտնել միայն տեղի բնակիչներին և իշխանամետ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:
Այլ ճանապարհով գյուղ թափանցած լրագրողներից ադրբեջանական ոստիկանությունը բիրտ ուժի կիրառմամբ պահանջել է վերացնել հեռախոսով արված տեսագրությունները, սպառնացել հաշվեհարդար տեսնել նրանց ընտանիքի անդամների և բարեկամների նկատմամբ:
Լրագրողների պաշտպանության կոմիտեն հայտնում է, որ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությանը, Բաքվի քաղաքային ոստիկանությանը և Յասամալի, Բինագադինի և Նասիմի շրջանի ոստիկանության բաժիններին ուղղված նամակների պատասխանները չի ստացել: