44-օրյա պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարը հրաժարվել է մեկնել առաջնագիծ ու ղեկավարել 860 հոգանոց անձնակազմը: Առաջնագիծ մեկնելուց հրաժարվել է նաև նույն զորամասի գումարտակի հրամանատարը։ Երկու վարույթով նախաքննությունն ավարտվել է:
Զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյան
«Զորամասի անձնակազմը 2 գումարտակի կազմով դեռևս հոկտեմբերի 7-ին և 8-ին ստացել է մարտական գործողությունների վայր մեկնելու և խնդիր կատարելու կարգադրություն: Խնդրի կատարման վայրը հանդիսացել է Արցախի Մեխակավան բնակավայրի ուղղությամբ շուրջ 5 կմ ուղղությունը՝ Թուլուզդակ լեռան հարակից հատվածում»:
Մի քանի օր անց՝ հոկտեմբերի 15-ին, նաև զորամասի հրամանատար, կոչումով գնդապետն է վերադաս հրամանատարից բնագիծ մեկնելու հրաման ստացել, սակայն հրաժարվել է կատարել այն:
«Վերջինս պատճառաբանել է, որ իր հրաժարումը պայմանավորված է այն հանգամանքով, որ գտնվում է բարոյահոգեբանական ընկճված վիճակում»:
Վարդանյանի խոսքով՝ գնդապետը ոչ միայն հրաժարվել է առաջնագիծ մեկնելուց, այլև անձնակազմին ղեկավարելուց:
«Ավելի կարևոր է, որ զորամասի հրամանատարը, որը որ, ըստ էության, ինքը պետք է իր օրինակով ցույց տա, վճռականություն հաղորդի անձնակազմին, ինքը հրաժարվում է խնդրի կատարումից»:
Մյուս քրեական վարույթն էլ վերաբերում է նույն զորամասի առաջին հրաձգային գումարտակի հրամանատարին, որը հոկտեմբերի 7-ից ղեկավարել է Մեխակավանի հարակից տարածքում մարտական խնդիր կատարող մեկ ստորաբաժանում:
«Հոկտեմբերի 14-ին գումարտակի հրամանատարը, կոչումով փոխգնդապետ, հանգստի և սնվելու նպատակով վերադարձել է հրամանատարական կետ, որը գտնվել է Այգեհովիտ բնակավայրում: Հաջորդ օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, գումարտակի հրամանատարն իր վերադաս հրամանատարից ստացել է կարգադրություն, որպեսզի մեկնի առաջնագիծ և շարունակի կատարել իրեն առաջադրված խնդիրը, զինծառայողների խմբեր կազմի, բնագծում իրականացնի տվյալ գումարտակին առաջադրված խնդիրը»:
Այս սպան ևս, ըստ մեղադրանքի, հրաժարվել է վերադառնալ առաջնագիծ: Ռաֆայել Վարդանյանի խոսքով՝ իրականացվել են մեծածավալ քննչական և վարութային գործողություններ, այդ թվում՝ առերես հարցաքննություններ: Այսպիսով բարձրաստիճան երկու սպան մեղադրվում են զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու համար: Նրանցից, Ռաֆայել Վարդանյանի խոսքով, միայն գումարտակի հրամանատարն է ընդունել մեղքը: «Լուրերը» փորձեց մեկնաբանություն ստանալ նաև զորամասի հրամանատարի պաշտպանից: Արսեն Սարդարյանն ասաց՝ այս փուլում զերծ է մնում դիրքորոշում հայտնելուց: Իսկ մյուս մեղադրյալն այս պահին պաշտպան չունի:
Երկու սպայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան