Հուլիսի 1-ին Վրաստանի կենտրոնական շրջաններից մեկում տեղի ունեցած սողանքի հետևանքով վնասվել է Թբիլիսին սևծովյան շրջանների հետ կապող երկաթգիծը, ինչի պատճառով դադարեցվել է ուղևորատար գնացքների շարժը Թբիլիսիի և Բաթումի միջև։ Դրանով պայմանավորված՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մարդատար գնացքը, որը գործում է Երևան-Բաթում-Երևան երթուղով, ժամանակավոր կգործի մինչև Թբիլիսի։
Ինչպես հայտնում են ՀԿԵ-ից, հուլիսի 2-ի չվերթը ևս իրականացվել է մինչև Վրաստանի մայրաքաղաք, իսկ գնացքի մոտ 200 ուղևորներ ընկերության հաշվին ավտոբուսներով տեղափոխվել են Բաթում։
Վրաստանի երկաթուղային ադմինիստրացիան հավաստիացնում է, որ կատարվում է հնարավորինը սողանքի հետևանքները վերացնելու և ուղևորատար փոխադրումները վերականգնելու ուղղությամբ: Երևանից Բաթում հաջորդ չվերթը նախատեսված է հուլիսի 4-ին, ինչի վերաբերյալ ընկերությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։ Չի բացառվում, որ մինչ այդ ուղևորափոխադրումները վերականգնվեն։
ՀԿԵ ընկերությունը կկատարի իր ուղևորների առջև ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը՝ իրենից անկախ հանգամանքների պատճառով հասցրած անհարմարությունների համար։