2023 թվականի հուլիսի 1-2-ը ՀՀ գլխավոր դատախազությունը և Եվրոպայի խորհուրդը համատեղ խորհրդաժողով են անցկացրել Հայաստանի Երևան քաղաքում «Դատախազի անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով: Խորհրդաժողովին մասնակցել են Եվրոպայի խորհրդի հինգ անդամ երկրների գլխավոր դատախազներն ու Եվրոպայի խորհրդի, Դատախազների միջազգային ասոցիացիայի և Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության ներկայացուցիչները:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ամփոփելով երկօրյա համաժողովի արդյունքները, հնչեցրել է համաժողովի մասնակիցների ընդունած փաստաթղթի բովանդակությունը.
«Համաժողովի մասնակիցները նշել են, որ Վենետիկի հանձնաժողովի «Դատական համակարգի անկախության մասով Եվրոպական ստանդարտների վերաբերյալ հաշվետվությունում (մաս 2՝ դատախազական ծառայություն)» ևս նշվել է, որ քրեական արդարադատության համակարգերը տարբերվում են ամբողջ Եվրոպայում, և տարբեր համակարգեր արմատավորվել են տարբեր իրավական մշակույթների մեջ ու բոլոր պետությունների համար մեկ միատեսակ մոդել չկա: Օրինակ՝ կարևոր տարբերություններ կան այն համակարգերի միջև, որոնք քրեական դատավարության շրջանակներում իրենց բնույթով մրցակցային են կամ ինկվիզիտորական:
Ընդգծել են, որ այն, ինչը կարող է այս բոլոր համակարգերին միավորել, դատախազական ծառայության անկախության պահանջն է, որպես օրենքի գերակայության և արդարադատության անկախության նախադրյալ:
• Այս մասով հիշատակել են, որ Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհուրդը (ԵԴԽԽ) դատախազներին վերաբերող Եվրոպական նորմերի ու սկզբունքների (ներառյալ Հռոմի ստատուտը) վերաբերյալ իր Կարծիքում №9 (2014) նշել է, որ քանի որ դատախազական ծառայության անկախությունն ու ինքնավարությունը անփոխարինելի է դատական համակարգի անկախության համար, ապա դատախազների ու դատախազական ծառայության անկախության ու ինքնավարության ընդհանուր միտումը պետք է հետագայում ևս քաջալերվի:
• Համապատասխանաբար ընդգծել են դատախազական ծառայության ինստիտուցիոնալ անկախության ու անհատ դատախազների գործառնական անկախության սկզբունքներն ու նաև նշել, որ ինչպես նշված է Վենետիկի հանձնաժողովի Օրենքի գերակայության ստուգաթերթում, օրինականության սկզբունքի համաձայն, հանրային հետապնդումը պետք է լինի միայն օրենքի հիման վրա և օրենքի համաձայն: Սա չի խոչընդոտում այն փաստին, որ օրենքը դատախազությանը տրամադրի քրեական դատավարություն սկսելու կամ չսկսելու մասով հայեցողական մոտեցում ցուցաբերելու լիազորություն (հնարավորության սկզբունք):
• Կիսվել են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների համապատասխան փորձով ու պրակտիկ գործունեությամբ և նշել, որ չնայած նրանցից ոմանք ստեղծել են դատախազական խորհուրդներ, Եվրոպայում դեռևս չկան այդպիսի խորհուրդների հետ կապված միատեսակ պրակտիկա կամ պարտադիր չափորոշիչներ:
• Անդրադարձ են կատարել նաև Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի CM/Rec(2000)19 հանձնարարականին՝ քրեական արդարադատության համակարգում հանրային հետապնդման դերի վերաբերյալ, որը ԵԽ գլխավոր գործիքներից մեկն է հանրային հետապնդման և օրենքի գերակայության սկզբունքների տեսանկյունից:
• Անդրադարձ են կատարել նաև բնապահպանական հանցագործությունների աճող բացասական ազդեցությանը և ողջունել 2022 թվականի նոյեմբերի 23-ին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից Քրեական իրավունքի միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության նոր փորձագետների կոմիտեի կողմից լիազորությունների ընդունումը (ՀՀ- ENV), որն աշխատանքներ կիրականացնի քրեական իրավունքի միջոցով շրջակա միջավայրի պաշտպանության մասին նոր կոնվենցիայի մասով:
• Այս առումով նաև նշվել է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) թիվ 17 (2022) Կարծիքը շրջակա միջավայրի պաշտպանության գործում դատախազների դերի վերաբերյալ, որն ընդունվել է CM/Rec(2022)20 մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի կողմից հանձնարարականի ընդունումից հետո:
• Հույս են հայտնել քրեական հարցերով միջազգային համագործակցության հետագա ամրապնդման վերաբերյալ՝ միաժամանակ երաշխավորելով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիայում ամրագրված սկզբունքները:
• Շնորհակալություն են հայտնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը և Եվրոպայի խորհրդին համաժողովի գերազանց կազմակերպման և արդյունավետ միջոցառման ընթացքում կարծիքների ու փորձի արժեքավոր փոխանակման, ինչպես նաև հետաքրքիր քննարկումների հնարավորություն ստեղծելու համար»: