Մայիսի առաջին 10-օրյակից սկսած` բենզինը հայկական շուկայում աստիճանաբար թանկացավ: Երկու ամիս առաջ ռեգուլյար տեսակի բենզինը 300-320 դրամ էր, իսկ պրեմիումը` առավելագույնը 350, հիմա վարորդները ստիպված են մեկ լիտր ռեգուլյար տեսակի բենզինի համար վճարել 410-420 դրամ, իսկ պրեմիումի համար` 440-450: Թանկացումը 30 տոկոսից ավելի է: Սա` այն պարագայում, երբ դոլարը մեր երկրում չի արժևորվել, իսկ նավթի համաշխարհային գները գրեթե նույն մակարդակին են, ինչ ամիսներ առաջ:
Կարեն Սարգսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար, տնտեսագետ) - Դրանք ուղղակիորեն այդպես կախված չեն բենզինի գնագոյացման հետ, որովհետև հնարավոր են դեպքեր, երբ նավթի գինը սկսի նվազել, իսկ բենզինի գինը հակադարձ դինամիկա ցուցաբերի:
Քանի որ մեր երկրի բենզինի գերակշիռ մասը Ռուսաստանից է ներմուծվում, մասնագետները գնային տատանումները կապում են հենց Դաշնության ներքին շուկայի վիճակի հետ: Բենզինի գնագոյացման մեջ շուրջ 55 տոկոսը անուղղակի հարկերն ու ակցիազային վճարներն են. սա` Ռուսաստանում, ներկրման պարագայում այս գնին գումարվում են նաև լոգիստիկ ծախսերը, հարկերն ու տուրքերը, բացատրում է Կարեն Սարգսյանը:
Կարեն Սարգսյան - Վերջին շրջանում` սկսած մայիսից, ՌԴ-ում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել պետական կարգավորման այս ոլորտի, այսինքն` բենզինի գնագոյացման: ՌԴ-ում ներքին շուկայում բենզինի իրացման հետ կապված որոշակի սուբսիդիաներ են տրամադրվել այդ կազմակերպություններին` նավթավերամշակող, որոնք բենզին են արտադրում և մատակարարում ներքին շուկա, որպեսզի ներքին շուկայում ավելի էժան լինի ու հասանելի բենզին գնագոյացումը:
Հիմա Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը որոշել է, որ հունիսից սկսած` սուբսիդիաներ այլևս չեն տրամադրվելու, ինչը նշանակում է, որ այդ ընկերությունները վնասներ չկրելու համար թանկացնում են վառելիքը: Հայկական բենզինի շուկան մրցակցային է, ՄՊՀ-ի տվյալներն է մեջբերում տնտեսագետ Աղասի Թավադյանը:
Աղասի Թավադյան (տնտեսագետ)- Միջնաժամկետ կանխատեսումը հետևյալն է, որ բենզինի գինը, ամենայն հավանականությամբ, մնալու է այս շրջանակներում. երկարաժամկետ կանխատեսումները մի քիչ ավելի վատն են:
Նախորդ շաբաթվանից հայկական շուկայում նոր խաղացողի՝ Շելի մուտքը ևս, գնի վրա էական ազդեցություն չունեցավ: Ընկերությունը խաղի մեջ մտավ մոտ 30-40 դրամ ավելի բարձր գնով:
Կարեն Սարգսյան - Բնականաբար, եթե եվրոպայից է ներմուծում, Եվրոպայում բենզինի գները ավելի բարձր են: Ներմուծվել է մի գնով, որը արդեն իսկ բավական թանկ է, և երկրորդը, գումարած դրան, այդ կազմակերպության բրենդի հետ կապված` բրենդ է ներկայացնում և որակ, հավելյալ մարժա է գումարվում այդ գնին:
Ամեն դեպքում նոր խաղացողներն այս փուլում գին չեն կարող թելադրել, քանի որ ներմուծման ծավալը քիչ է: Կարեն Սարգսյանը նշում է, որ սա նաև սեզոնային որոշում է, չի բացառվում, որ առաջիկայում Ռուսաստանում կարող է բենզինի ավելցուկ առաջանալ, քանի որ սանկցիաների պատճառով արտահանման շուկան էական փոքրացել է, և դա կարող է թեկուզ քիչ, բայց գնի անկման հանգեցնել Հայաստանում: