Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի լավագույն շրջանավարտները հեշտությամբ են աշխատանք գտնում: Այստեղ ուսուցանվող մասնագիտությունները պահանջված են աշխատաշուկայում: Իսկ սովորողների առօրյան հագեցած է: Վերակենդանացրել են քոլեջի չորացող այգին։ Ուսանողները պահածոյացնում են ստացված բերքը ճաշարանի համար։
- Բոլորը ուսանողների կատարած աշխատանքներն են;
Այս աշխատանքների հեղինակն Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի ուսանողներն են։ Ասեղ թելելուց մինչև հագուստի մոդելավորում այստեղ են սովորել։ Մասնագիտությունն ընտրել են՝ շուկայի պահանջարկը հաշվի առնելով։
- Շատ սիրուն կարել են։
Եթե հագուստի մոդելավորողները աղջիկներ են, ապա խոհարարները՝ հիմնականում տղաներ։ Խոհարարությունը նրանց համար սոսկ կերակուր պատրաստել չէ․ ամենակարևոր բաղադրիչը, ասում են՝ սերն է՝ թեկուզ մի պտղունց։ Քոլեջում սովորածը նախևառաջ տանն են փորձարկում։
Էդգար Առաքելյան (ուսանող) - Տանը պատրաստում եմ, տնեցիքին հյուրասիրում, ասում են՝ լավ է ստացվել։
Վերջերս էլ Կրթական հիմնադրամը խոհանոցային գույք է նվիրել, որն ավելի հեշտացրել ու արդյունավետ է դարձրել ուսումնական գործընթացը։ Արտադրական ուսուցման վարպետի խոսքով՝ տղաները խոհարար դառնալ են ուզում, որովհետև ռեստորաններում ու սպասարկման օբյեկտներում պահանջարկը մեծ է։ Քոլեջի շրջանավարտներից շատերն արդեն հիմնական աշխատանք են գտել տարբեր ռեստորաններում։
Նաիրա Հովհաննիսյան (արտադրական ուսուցման վարպետ) - Ունենք շատ լավ խոհարարներ, աշխատում են նաև Երևանում։
- Այս բոլորը մեր սովորողների աշխատանքներն են։
Սա էլ քոլեջի «Պալիտրա» ստուդիան է։ Այստեղ ցուցափեղկեր ձևավորելու այբուբենն են ուսուցանում։ Ուսանողները նաև ցուցահանդեսների են մասնակցում, պատվոգրեր ստանում։
Ալվարդ Կարապետյան (Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջի տնօրեն) - Ուսումնական կենտրոնում պատրաստում ենք մասնագետներ, որոնք աշխատաշուկայում պահանջարկ ունեն։
Սա Արմավիրի մարզի միակ ուսումնական հաստատությունն է, որտեղ ներդրվել է «Կառավարում արտակարգ իրավիճակներում» մասնագիտությունը։ Առաջին փրկարարներն անցած տարի են ավարտել։ Լավագույններն արդեն աշխատանք ունեն համակարգում։
Գառնիկ Մկրտչյան (Արմավիրի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ ավագ հրահանգիչ) - Մենք ֆիքսում ենք լավ սովորողներին, իսկ աշխատանքի անցնելը իրենք պետք է ընտրեն, խորհուրդ ենք տալիս որպես լավ մասնագիտություն սովորել և անցնել աշխատանքի։
Վերագործարկել են նաև պարապությունից ժանգոտած խորքային հորն ու կենդանություն տվել քոլեջի չորացող այգուն։ Բերքահավաքը ամենաուրախ պահն է․ ուսանողները հավաքած ծիրանը, խնձորը, սալորն ու կեռասը պահածոյացնելու են ճաշարանի համար։