ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն առաջին անգամ անդրադարձել է Ռուսաստանում հունիսի 23-25-ի զինված հեղաշրջման փորձին: «Երկրում իրավիճակն ապակայունացնելու ծրագրերը ձախողվեցին ՌԴ զինված ուժերի անձնակազմի գրագետ գործողությունների շնորհիվ, անձնակազմը հավատարիմ մնաց զինվորական երդմանը»,- ասել է Շոյգուն։
Նրա խոսքով՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սադրանքը չի ազդել ռուսական զորքերի գործողությունների վրա, նրանք շարունակել են կատարել իրենց առջև դրված խնդիրները։
«Ռուսաստանի զինված ուժերը հատուկ գործողության շրջանակում արդյունավետորեն ջախջախում են Ուկրաինայի զինված ուժերին՝ նվազեցնելով նրանց հարձակողական ներուժը»,- հավելել է Շոյգուն՝ նշելով, թե ուկրաինական կողմը ոչ մի ուղղությամբ չի հասել իր նպատակներին:
Հունիսի 23-ի երեկոյան «Վագների» ղեկավար Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է իր ստորաբաժանումներին հարվածներ հասցնելու համար։ Ընկերության զինյալները գրավել են Դոնի Ռոստովի կենտրոնում գտնվող Հարավային ռազմական օկրուգի շտաբի շենքը, նաև սկսել շարժվել դեպի Մոսկվա։ Դրանից հետո խմբի ղեկավարի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ապստամբություն կազմակերպելու հոդվածով։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունից հետո Պրիգոժինը տեղափոխվել է այնտեղ, իսկ նրա հանդեպ հարուցված քրեական գարծը՝ կարճվել: