ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը արձագանքել է ԼՂ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հայտարարությանը, որտեղ վերջինս պնդում է, իբր Ալեն Սիմոնյանը շրջափակումից հետո ոչ մի անգամ ԼՂ ԱԺ նախագահի հետ չի զրուցել:
Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.
«Տեղեկացնեմ, որ այս տեղեկությունը բացարձակ սուտ է: Շրջափակումից հետո ես ու ԼՂ ԱԺ նախագահը մեկ անգամ չէ, որ շփվել ենք, բազմիցս զրուցել ենք: Շրջափակումից հետո, նաև բազմաթիվ շփումներ են եղել ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Նշեմ նաև, որ դեռևս փետրվարին ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին առաջարկել ենք միջխորհրդարանական հանձնաժողովի հեռավար նիստ անցկացնել: Արցախի ԱԺ նախագահը խնդրեց հետաձգել՝ պատճառաբանելով իր առողջական խնդիրը, և խոստացան զանգել, որ պայմանավորվենք նիստի անցկացման համար:
Այդպես էլ չզանգեցին:
Վերոնշյալ պատգամավորին առաջարկում եմ զերծ մնալ խոհանոցային մակարդակի խոսակցություններն օրակարգ բերելուց, հերքել իր կողմից տարածած սուտը և սեպ չխրել մեր հարաբերությունների մեջ»: