Դատախազության հիմնադրման 105-ամյակի և Դատախազության աշխատակցի օրվա կապակցությամբ հուլիսի մեկին մեկնարկած «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել դատախազական հաշվետվողականության և էթիկայի հիմնահարցերին, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։
Պանելային քննարկման ժամանակ թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի (ԵԴԽԽ) նախագահ (2021-2022) և ԵԴԴԽ բյուրոյի գործող անդամ, Եվրոպայի խորհրդի փորձագետ Անտոնիո Վերչերև և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Խորվաթիայի կողմից ընտրված դատավոր Դավոր Դերենչինովիչը, ԵԴԽԽ քարտուղարության ղեկավար Արտաշես Մելիքյանը, Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկրլեցը և Էստոնիայի Հանրապետության գլխավոր դատախազ Անդրես Պարմասը:
Ամփոփելով Համաժողովի հուլիսի մեկի արդյունքները՝ ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել Համաժողովի բանախոսներին՝ դատախազների անկախության հետ կապված գործնական մարտահրավերներին, ազգային մոդելներին ևւ դատախազների գործունեության առանձնակի ռիսկայնությանն անդրադառնալու համար:
Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» 2023-2027 թվականների ծրագրային ձևաչափի շրջանակում՝ Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազության հետ համատեղ: