Ֆրանսիական ոստիկանությունն ու ժանդարմները հունիսի 27-ի լույս 28-ի գիշերվա անկարգություններից հետո բերման են ենթարկել մոտ 2400 մարդու։ Տվյալները ներկայացրել է BFM հեռուստաալիքը։
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը հայտարարել է, որ հունիսի 30-ի գիշերը ձերբակալվածների միջին տարիքը 17 է։ Որոշ դեպքերում ոստիկանությունը բերման է ենթարկել ջարդերի մասնակից 13-ամյա երեխաների։
Հուլիսի 1-ի գիշերը Ֆրանսիայի իշխանությունները ավելի շատ ուժ են կիրառել մյուս օրերի համեմատ: Մասնավորապես, 45 հազար ոստիկան է ներգրավվել փողոցների անվտանգության ապահովման համար: Բացի այդ, իշխանությունները որոշել են օգտագործել ազգային ժանդարմերիայի զրահախումբը՝ բաղկացած 18 զրահափոխադրիչներից։
Շաբաթ գիշերն ամենամեծ անկարգությունները տեղի են ունեցել Մարսելում, Լիոնում, Սենտ Էթյենում, Թուլուզում, Բորդոյում, ինչպես նաև Փարիզի արվարձաններում, մասնավորապես՝ Սեն Դենիում։
Ֆրանսիայում անկարգությունների ժամանակ Լիոնում անհայտ անձը կրակել է 27 իրավապահներից բաղկացած խմբի վրա։ Միջադեպի մասին հայտնել է Le Figaro-ն։ Վիրավորված 27 ոստիկանից յոթը ծանր վնասվածքներ են ստացել։
Ֆրանսիական Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն խնդրել է ոստիկանական ուժեր ուղարկել քաղաք՝ անկարգությունների հետ կապված ծանր իրավիճակի ֆոնին։
Հանրապետական անվտանգության ութերորդ վաշտի մարտիկները, որոնք մասնագիտացած են փողոցային հանցագործությունները ճնշելու մեջ, մեկնել են Լիոն՝ ջարդերի դեմ պայքարող տեղական իրավապահ ուժերին աջակցելու համար:
Մեկ այլ տեղեկության համաձայն էլ՝ Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Անժեր կոմունայում անկարգությունների ֆոնին բախումներ են սկսվել ծայրահեղ աջ ակտիվիստների և ցուցարարների միջև։