Վրաստանը ցույց է տվել, որ ի վիճակի է արդյունավետ միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև և անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին ներգրավվել այդ գործընթացում։ Այդ մասին խորհրդարանում 2022 թ. ամփոփիչ հաշվետվության ելությի ժամանակ հայտարար է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ «Այս ամբիոնից ուզում եմ ևս մեկ անգամ հրապարակայնորեն հաստատել մեր լիակատար պատրաստակամությունը։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ևս մեկ անգամ միանալ երկու երկրների, մեր բարեկամների միջև գործընթացին։ Սա շատ կարևոր ուղղություն է»,- ասել է Ղարիբաշվիլին։
«Երկու տարի առաջ Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջին կոնկրետ արդյունքները եղան։ Հետո ես անձամբ ընդգրկվեցի։ Եվ այս միջնորդությունն ավարտվեց կոնկրետ արդյունքով։ Դա կարելի է անվանել տարածաշրջանի օրինակելի միջնորդություններից մեկը»,- ասել է նա։
ՔԻՇՆԵՎԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ԿՐԱԿՈՂԸ ՏԱՋԻԿՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ Է ԵՂԵԼ
Քիշնևի օդանավակայանում կրակած տղամարդը թաքնվում էր Տաջիկստանի հետաքննությունից։ Այդ մասին հայտնել է Տաջիկստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը ։ Հայտնի է դարձել, որ կրակողը Տաջիկստանի քաղաքացի Ռուստամ Աշուրովն է։ Հետաքննությունը պարզել է, որ նա ներգրավված է եղել հունիսի 23-ին՝ Դուշանբեում կատարված՝ Orienbank-ի նախագահի առաջին տեղակալի առևանգման մեջ ։ Քրեական գործի հարուցումից հետո Աշուրովը Թուրքիայի տարածքով փախել է Մոլդովա՝ ԵՄ երկրներում հետապնդումներից թաքնվելու նպատակով։
Տաջիկստանի 43-ամյա քաղաքացին սկսել է կրակել Քիշնևի օդանավակայանում, երբ անվտանգության նկատառումներով նրան թույլ չեն տվել երկիր մտնել։ Տղամարդը ոստիկանից խլած ատրճանակով կրակել և սպանել է երկու իրավապահի, վիրավորել մեկ ուղևորի։ Ձերբակալման ժամանակ վիրավորվել է նաև կրակողը, նրան հոսպիտալացրել են ծանր վիճակում։
ԼԵՀԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՆԱՏՕ-Ի ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՏԵՂԱԿԱՅԵԼ ԻՐ ՏԱՐԱԾՔՈՒՄ
Լեհաստանը խնդրել է, որպեսզի ՆԱՏՕ-ն իր տարածքում ամերիկյան միջուկային զենք տեղակայի։ «ՌԻԱ Նովոստի»-ի տվյալով՝ այդ մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի ավարտին: «Հաշվի առնելով այն, որ Ռուսաստանը մտադիր է մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսում, մենք առավել ևս դիմում ենք ողջ ՆԱՏՕ-ին, որպեսզի մասնակցենք «Nuclear Sharing» ծրագրին»,- ասել է նա: Մորավեցկու կարծիքով՝ միջուկային զենքը պետք է հնարավորինս շուտ տեղակայվի Լեհաստանում։ Սպիտակ տունը չի մեկնաբանել Լեհաստանի տարածքում միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ հավանական բանակցությունների մասին տեղեկությունը: Հունիսի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Մոսկվան առաջին միջուկային լիցքերը հասցրել է Բելառուս: Մինչ այդ Պուտինը հստակեցրել էր, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը հնարավոր է այն դեպքում, եթե սպառնալիք ստեղծվի պետության տարածքային ամբողջականության համար: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ բացասական է վերաբերվում մարտավարական միջուկային զենքը՝ որպես միջուկային զսպման միջոց կիրառելու գաղափարին:
Մեկնաբանելով ստեղծված իրավիճակը՝ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնում ռուսական միջուկային ուժերի տեղակայման հարցում որևէ փոփոխություն չեն արձանագրել:
ԱՄՆ-Ը ԿԱՐՈՂ Է ԿԱՍԵՏԱՅԻՆ ԶԻՆԱՄԹԵՐՔ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԿԻԵՎԻՆ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը դիտարկում է Ուկրաինային կասետային զինամթերք տրամադրելու հնարավորությունը, հայտնում է CNN-ը: Լրատվամիջոցի աղբյուրի խոսքով՝ առաջիկայում սպասվում է Սպիտակ տան վերջնական որոշումն այդ հարցում։ Հաստատվելու դեպքում զինամթերքը կարող է ներառվել Կիևին տրամադրվող ռազմական օգնության նոր փաթեթում՝ արդեն հաջորդ ամիս: Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ կասետային զենքը կարող է օգնել ուկրաինացի զինվորականներին:
CNN-ը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները 2016 թվականին սկսել է աստիճանաբար դադարեցնել կասետային զինամթերքի օգտագործումը, քանի որ դրանք պարունակում են հարյուրավոր փոքր ռումբեր, որոնք հաճախ ռազմի դաշտում մնում են չպայթած ՝ վտանգ ներկայացնելով քաղաքացիական անձանց համար:
Հեռուստաալիքը պարզաբանել է, որ այդ պատճառաբանությամբ, ԱՄՆ-ը նախկինում դժկամություն է ցուցաբերել կասետային զենք տրամադրելու հարցում: Կոնգրեսն օրենսդրական սահմանափակումներ է մտցրել նաև այս տեսակի զենքի փոխանցման հնարավորության վերաբերյալ։ Այնուամենայնիվ, աղբյուրները CNN-ին հայտնել են, որ նախագահ Բայդենը կարող է վերացնել սահմանափակումը: