ՌԴ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է ՊԱՅԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԶԱԷԿ-ՈՒՄ. ԶԵԼԵՆՍԿԻ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին անուղղակիորեն հաստատել է այն, ինչ գրվել է The Washington Post-ի երեկվա հրապարակման մեջ, գրում է BBC-ն։ Ըստ թերթի` Կիևը հունիսի վերջին այնտեղ այցելած ամերիկյան հետախուզության ղեկավար Ուիլիամ Բըրնսին է ներկայացրել մինչև աշուն ռուսական վերահսկողության տակ անցած տարածքների զգալի մասը վերադարձնելու իր ծրագրերը: Ուկրաինան նաև մտադիր է հրետանային և հրթիռային համակարգեր տեղափոխել Ղրիմի սահման, առաջ շարժվել դեպի արևելք, այնուհետև բանակցություններ սկսել Մոսկվայի հետ՝ առաջին անգամ անցած տարվա մարտին խաղաղ բանակցությունների խափանումից հետո:
Կիևում Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Զելենսկին ասել է, որ Կիևը պատրաստ կլինի Մոսկվայի հետ բանակցությունների, միայն երբ Ուկրաինայի զինված ուժերը հասնեն 1991 թվականի սահմաններին։
«Ուկրաինան պատրաստ կլինի դիվանագիտության որևէ ձևաչափի, երբ մենք իսկապես հասնենք մեր իրական սահմաններին՝ միջազգային իրավունքին համապատասխան»,- ասել է Զելենսկին։
Նա նաև շեշտել է, որ իր երկիրը հանուն ՆԱՏՕ-ին անդամակցելու տարածքային զիջումների չի գնա: Նա անդրադարձել է նաև միջուկային անվտանգությանը:
«Ռուսաստանը պատրաստ է պայթյուն կազմակերպել Զապորոժիեի ԱԷԿ-ում, որը կարող է հանգեցնել միջուկային նյութերի արտահոսքի, պայթյունը կարող է իրականացվել հեռավար կարգով»,- պնդել է Զելենսկին:
Իսպանիայի վարչապետն էլ հայտնել է, որ Մադրիդը Կիևին կտրամադրի ևս 4 Լեոպարդ տանկ, զրահամեքենաներ և դաշտային հոսպիտալ:
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱՆԵՐԸ
Ֆրանսիայում արդեն չորս օր շարունակվում են ոստիկանի կողմից դեռահասի սպանությունից հետո սկսված բողոքի ակցիաները։ Մոտ 80 ոստիկան և ժանդարմ է տուժել հուլիսի 1-ի գիշերը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգությունների ընթացքում: Այդ մասին հայտնել է ներքին գործերի նախարարությունը:
Լիոնում կոմիսարիատն ավերվել է։ Մարսելում անկարգությունների մասնակիցները ներխուժել են զինամթերքի խանութ և դուրս բերել զենքերը։ Ներքին գործերի նախարարության վերջին տվյալներով՝ բերման է ենթարկվել մոտ 1000 իրավախախտ։ Ճգնաժամի սկզբից ձերբակալվածների ընդհանուր թիվը գերազանցել է 2000-ը, որոնցից շատերը 13-14 տարեկան են։ Ջարդերի թիրախ է դարձել մոտ 500 շենք, այրվել 2000 մեքենա, թալանվել են տասնյակ խանութներ, հատկապես Փարիզի կենտրոնում։
Քաղաքներում անվտանգությունը վերահսկելու է 45 հազար ոստիկան ու ժանդարմ, հայտարարել է ներքին գործերի նախարար Ժերալ Դարմանենը։ Ոստիկանների տրամադրության տակ կլինեն նաև թեթև զրահամեքենաներ, կրկին կթույլատրվի էլիտար ստորաբաժանումների միջամտությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, հետաձգել է կիրակի նախատեսված եռօրյա այցը Գերմանիա:
Շաբաթ Նանտերում կայացել է սպանված դեռահասի հուղարկավորությունը։ Իրավապահի հրահանգին չենթարկվելուց հետո պատանուն կրակած ոստիկանին մեղադրանք է առաջադրվել՝ կանխամտածված սպանության համար, նա կալանավորվել է:
ՂՈՒՐԱՆԸ ԿԱՄ ՈՐԵՎԷ ԱՅԼ ՍՈՒՐԲ ԳԻՐՔ ԱՅՐԵԼԸ ՎԻՐԱՎՈՐԱԿԱՆ Է. ԵՄ
Եվրամիությունը դատապարտում է Ղուրանի այրումը Շվեդիայում, սակայն պաշտպանում է խոսքի ազատությունը։ Այդ մասին ասվում է ԵՄ արտաքին ծառայության հայտարարությունում։
«Այդ արարքը չի արտացոլում Եվրամիության կարծիքը։ Ղուրանը կամ որևէ այլ սուրբ գիրք այրելը վիրավորական է, անհարգալից վերաբերմունք և ակնհայտ սադրանք: Ռասիզմի, այլատյացության և դրա հետ կապված անհանդուրժողականության դրսևորումները տեղ չունեն Եվրոպայում»,- նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է նաև, որ պետք է միասին հանդես գալ հօգուտ փոխըմբռնման և հարգանքի՝ իրավիճակի հետագա սրացումը կանխելու համար։
Հունիսի 28-ին Շվեդիայի ոստիկանությունը թույլ էր տվել մահմեդական Կուրբան-Բայրամ տոնի առաջին օրը բողոքի ակցիա անցկացնել Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ Ղուրանի այրմամբ։ Մուսուլմանների սուրբ գիրքը պատռել ու այրել էր իրաքցի երիտասարդը: Դրան հաջորդել էին զանգվածային ցույցեր աշխարհի տարբեր երկրներում: