Դատախազությունն այսօր տոնում է հիմնադրման 105-ամյակը: Շնորհավորելով մասնագիտական տոնի առիթով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ չպետք է լինի կոռուպցիան նախկինի ու ներկայի տարբերակում: Իսկ ապօրինի գույքի բնագանձման գործերով, վարչապետի խոսքով, արդյունքները դեռ առջևում են:
Հայաստանի վարչապետը, նախագահն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ մասնակցեցին դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված խորհրդաժողովին:
Շնորհավորելով դատախազներին՝ վարչապետն իր ելույթում նշեց, որ Հայաստանում ամենամեծ ակնկալիքը արդարությունն է՝ բոլոր ոլորտներում:
ՄԵՐ ԽՆԴԻՐՆ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՍՏԱՆԴԱՐՏ. ՎԱՐՉԱՊԵՏ
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) - Եվ իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը, թերևս, արդարադատությունն է: Մենք՝ որպես քաղաքական իշխանություն, այս ուղերձը ամեն օր մեզ հետ ունենք՝ սկսած սոցիալականից, վերջացրած՝ արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:
Սոցիալական արդարության մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ նվազագույն կենսաթոշակը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ընդհուպ մոտեցել է նվազագույն պարենային զամբյուղին, ընդգծեց՝ կենսաթոշակի անկանխիկ ծախսման դեպքում հետվճարի համակարգից օգտվողների համար այն նաև անցել է նվազագույն սպառողական զամբյուղը: Վարչապետը նշեց, որ այս տարիներին դատախազության համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել: Բարձրացումներ եղել են դատական համակարգում, քննչական համակարգում: Վարչապետը հասկանալի համարեց, որ այդ մոտեցումները միշտ չէ, որ ընդունվում են բարյացակամորեն:
«Մենք դա անում ենք առաջնահերթ ոչ թե հանուն դատախազների, դատավորների, քննիչների, այլ, առաջին հերթին, հանուն քաղաքացիների, որովհետև այդ միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության, արդարադատության որակը: Եվ այս առումով մեր քաղաքական խնդիրն է Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելը: Եվ ես հավատում եմ, որ այդ նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է»,- ասաց նա:
Փաշինյանը հիշեցրեց, որ Հայաստանում երկար քննարկումների արդյունքում ի վերջո դատախազության համակարգում ստեղծվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը: Եվ այդ մեխանիզմը, ըստ նրա, սկսել է գործել: Փաշինյանը նշեց՝ արդյունքները դեռ առջևում են:
«Այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ, օրինակ, ամենատարբեր առիթներով հարուցված քրեական գործերով քաղաքացիները, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչները, արդարանում են, նաև՝ դատապարտվում: Եվ սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի հաստատումն է: Կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք գնում էր դատարան, ըստ էության՝ 99.9 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է: Բայց մյուս կողմից մենք ակնկալում ենք, և դատախազության մոտեցումն էլ այն է, որ մենք ամեն գործի վերաբերվենք այն տրամաբանությամբ, որ մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,- ասաց վարչապետը:
Դատախազությունն ունի ամրություն՝ պատնեշ լինելու հանրային շահի, բանակի դեմ ոտնձգող անձանց և նրանց միջնորդների առջև, հայտարարեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:
ՀՀ գլխավոր դատախազ (Աննա Վարդապետյան) - Այս կարճ, բայց հագեցած համատեղ աշխատանքի ժամանակահատվածն ինձ հիմք է տալիս պնդելու, որ Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի անհրաժեշտ ներուժ՝ լինելու հանցավորության դեմ պայքարի և իրավունքի գերակայության ամրապնդման լոկոմոտիվ: Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի կամք՝ իր ներսում իրականացնելու բովանդակային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնում են արտաքին իմիջային փոփոխությունների:
ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ՉԱՐԻՔ Է ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ. ՓԱՇԻՆՅԱՆ
Խոսելով դատախազների դերի մասին՝ վարչապետն էլ կարևոր համարեց կոռուպցիայի դեմ պայքարը:
ՀՀ վարչապետ - Մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ կոռուպցիան քանդարար չարիք է յուրաքանչուր պետության, առավել ևս՝ Հայաստանի Հանրապետության նման մի պետության համար, որի մարտահրավերները, մեզ հայտնի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառով, երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում:
Վարչապետն էլ ընդգծեց՝ Կառավարությունը հավատում է, որ արդարության, արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերն ու ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, քանի որ տնտեսության և ներդրումների համար կարևոր պայմաններից մեկը օրենքի գերակայությունն ու հավասար իրավական դաշտի առկայությունն է: Ըստ Փաշինյանի՝ երբեք չեն ունեցել և չեն ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկինի ու ներկայի:
«Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային»,- ասաց նա:
Վարչապետը նշեց՝ դատախազության 105-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դատախազը կին իրավաբան է, ինչը, ըստ նրա, կարևոր իրադարձություն է: Սակայն գլխավոր դատախազի թեկնածու առաջադրելիս քաղաքական մեծամասնությունը ոչ թե գենդերային, այլ մասնագիտական արժանիքների տրամաբանությամբ է առաջնորդվել:
Նախագահ Վահագն Խաչատուրյանի խոսքով էլ՝ երկրում տեղի ունեցած շրջադարձային բարեփոխումների ֆոնին բազմապատկվում է դատախազության գործունեության դերն ու պատասխանատվությունը:
ՀՀ նախագահ (Վահագն Խաչատուրյան) - Քանի որ դատախազությունն այն կարևոր ինստիտուտներից է, որը պետք է դառնա այդ բարեփոխումների գլխավոր երաշխավորներից մեկը:
Նախագահն ընդգծեց՝ օրինականության և իրավակարգի պաշտպանության, ամրապնդման գործում անհնար է գերագնահատել դատախազության դերը:
Նախագահ - Դատախազների գործունեության անկյունաքարը ՀՀ սահմանադրությունն է, իսկ հիմնական առաքելությունը երկրում սահմանադրականությունը, սահմանադրականության, ժողովրդավարության և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունը:
ԵՄ-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀՀ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ. ՎԻԿՏՈՐԻՆ
Խորհրդաժողովին, որը կազմակերպվել էր Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի՝ «Գործընկերություն հանուն լավ կառավարման» ծրագրով համաֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում, մասնակցում էին նաև Եվրոպայի խորհրդի և անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, դատախազներ, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինն էլ իր ելույթում կարևորեց դատախազության անկախությունը և պատասխանատվությունը դատական, դատաիրավական բարեփոխումների գործընթացում:
«ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ժողովրդավարական կառավարման բարեփոխումներին, օրենքի գերակայությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը: Մենք էականորեն նպաստել ենք արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտում բարեփոխումների իրականացմանը»:
Գլխավոր դատախազը վստահեցրեց, որ դատախազությունն ունի գիտակցություն՝ տարբերելու մանիպուլյացիաները, հովանավորչությունն ու կոռուպցիոն կոմպրոմիսները՝ պետության և հանրային շահից, հանցանք կատարած, սայթաքած, բայց իրականում զղջացած, իր արարքի հետևանքով պատճառված վնասը վերականգնած անձի նկատմամբ գթասրտությունից, մարդասիրությունից:
Դատախազ - Հայաստանի Հանրապետության դատախազությունն ունի ազնվություն՝ հետահայաց գնահատական տալու անցած 105-ամյա պատմությանը և ունի հավատամք՝ ազնվաբար ծառայելու հանուն ներկա ու ապագա նպատակադրումների իրականացմանը:
Նախագահը արդարադատության 3-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան շնորհեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, նրա տեղակալ Արթուր Պողոսյանին, զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանին: Մխիթար Գոշի մեդալով պարգևատրվեցին գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը, գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն ու դատախազության 2 վարչության պետերը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան