Աշոտ Նաջարյանը Արտիմետ գյուղի 3 հա տարածքում մոշի փորձարարական այգի է հիմնել ու արդեն 3-րդ տարին է՝ առատ բերք է հավաքում։ Երբ տնկիները Ռուսաստանից ներկրում էր, այնքան էլ վստահ չէր, որ կդիմանան արարատյան կիզիչ արևին։
Աշոտ Նաջարյան (Ֆերմեր) - Սորտը ռեմանտանտ է. հայերենը չգիտեմ։ Տարին երկու անգամ բերք է տալիս։ Սովորաբար հատապտուղները մեկ անգամ են բերք տալիս: Ովքեր մշակում են՝ գիտեն՝ փոխարինողները չեն ծաղկում, իսկ սրա փոխարիողը ծաղկում է, այս ճյուղը մի ամսից կծաղկի՝ փոխարինողն է։
Արարատյան դաշտին հարմարված բույսը բարձր բերքատվություն ունի, իսկ պտուղները խոշոր են և հյութալի։ Այգին ամբողջ տարի բերք է տալիս։ Թուփը մի կողմից ծաղկում, մյուս կողմից հասունացնում է հատապտուղը։ Բերքահավաքը սկսում են հունիսին, ավարտում նոյեմբերին։
Նարինե Մաթևոսյան (ֆերմայի աշխատող) - Շատ հեշտ է, ճիշտ է՝ արևի տակ ենք աշխատում, բայց սիրով ենք աշխատում։
Աշոտ Նաջարյան - Տարվա ընթացքում մոտ 150 օր բերք է տալիս, սովորական մոշը՝ մի 45-50 օր։ Այսինքն՝ 5 ամիս անընդհատ բերք է տալիս։
3 հա-ից 60-70 տոննա մոշ կհավաքի։ Ֆերմերի խոսքով՝ իրացման խնդիր չկա, որովհետև հատապտղի պահանջարկը մեծ է։ Մոշի մի մասը կիրացնի ներքին սպառման շուկայում, մյուսը կհանձնի մթերողներին։ 10 տոննայի պայմանագիր արդեն ունի։ Հատապտղի ամուր որակը նաև արտահանման հնարավորություն է տալիս։
Աշոտ Նաջարյան - Արտահանման համար մեծ ծավալներ են պետք, արտահանողները մեծ քանակներ են ուզում, դրա համար այգին պետք է մեծացնեմ, որ կարողանամ պահանջը բավարարել։ Ամեն օր՝ 1-2 տոննա։ Տեսեք ինչ ամուր է, բայց չոր չէ, բավականին հյութեղ ու քաղցր է։ Էս ամանի մեջ ոչ մի գրամ ջուր դուրս չի տվել, հատապտղի համար սա շատ կարևոր հատկանիշ է։
Փորձարարական այգին հաճախ է հյուրընկալում գյուղատնտեսությամբ զբաղվողներին։ Աշոտի խոսքով՝ նոր մշակաբույսեր աճեցնել շատերն են ուզում, իսկ անփուշ մոշի դեպքում ներդրումն արդարացված է․ բույսը կամակոր չէ, ամենօրյա աշխատանք չի պահանջում, բերք է տալիս թուփը տնկելուց մեկ տարի հետո։ Ֆերմերը հետաքրքրվողներին խորհուրդներ է տալիս հենց այգում։
Աշոտ Նաջարյան - Մի պարզունակ բան ունի այս սորտը․ մի որոշ ժամանակ անց պետք է մի մաս կտրվի, որ շարունակի աճել, 1-2 տարվ ընթացքում ենք որոշում թփի չափը, հեռավորությունը և մարսկանց ներկայացնում ենք, թե ինչ ագրոտեխնիկա է պետք ճիշտ մշակության համար։
Ֆերմեր Աշոտը մոշի թփերին դեռ ոչ մի անգամ թունաքիմիկատ չի ներարկել։ Բույսը հիվանդությունների նկատմամբ կայուն է, արդեն 3 տարի՝ առողջ և որակյալ պտուղ է տալիս։