Դատարան հրավիրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին. 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած, գնդապետ Սևակ Աբրահամյանի պաշտպանի միջնորդությունն է: Այս գործով նիստին դատարանը խնդրեց կողմերին ներկայացնել հետազոտման ենթակա ապացույցների շրջանակը: Առաջինն ապացույցները ներկայացրեց հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը, դատարանը խնդրեց դրանք հատ առ հատ ներկայացնել, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա դրանց վերաբերյալ դիրքորոշում հայտնել։
Վազգեն Վարդանյան (հանրային մեղադրող) - Բոլոր ապացույցները, որոնք նշված են, վերաբերելի են մեկ դրվագ հանցագործության մեղսագրված հանցավոր արարքին։
Սևակ Աբրահամյանը մեղադրվում է մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու համար, որի հետևանքով ժամանակին չի հայտնաբերվել և չի կասեցվել հակառակորդի՝ սեպտեմբերի 27-ի հարձակումը: Ըստ գործի նյութերի՝ պատերազմի նախօրեին խնջույք է արել եւ, պարբերաբար տեղեկություններ ստանալով հակառակորդի մեծաքանակ ուժերի տեղաշարժի, կուտակումների մասին, իրավիճակից բխող կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ համապատասխան հանձնարարություններ չի տվել: Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը թվեց մի շարք անձանց անուններ, որոնց ցուցմունքներն, ըստ նրա, ապացույցներ են։ Նրանց թվում են Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, գեներալ-մայոր Կարեն Շաքարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, նախկին պետ Օնիկ Գասպարյանը, Արցախի ՊԲ հրամանատար Կամո Վարդանյանը, Արծրուն Հովհաննիսյանը։
Ըստ մեղադրողի՝ ապացույցներ են նաև առերես հարցաքննությունների, զննության և գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրության արձանագրությունները։ Հրապարակվածից պարզ դարձավ, որ Մատաղիսի զորամասի նախկին հրամանատարը առերես հարցաքննվել է նաև Օնիկ Գասպարյանի հետ:
Վազգեն Վարդանյան - Ներկայացված ցուցմունքները և ապացույցները դրված են Սևակ Խորենի Աբրահամյանի քրեական օրենսգրքի 365 հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքի կատարման հիմքում, և դրանք վերաբերելի են գործին:
Զննության արձանագրությունների թվում են նաև մի շարք գաղտնի հրամաններ, որոնք, ըստ նրա, պահվում են Քննչական կոմիտեի զինվորական քննչական վարչությունում, և դրանց փոստային առաքման կամ դատարանում պահպանելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ: Սևակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանի կարծիքով՝ մեղադրողը չնշեց, թե որ ապացույցը որ փաստական հանգամանքն է հաստատում: Նա նաև պահանջեց գաղտնի փաստաթղթերը: Ապա Թամրազյանը մանրամասնեց, թե ինչու է միջնորդում դատարան հրավիրել այս գործով նախաքննության փուլում որպես վկա հարցաքննված Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
Արման Թամրազյան (Սևակ Աբրահամյանի պաշտպան) - Արայիկ Հարությունյանը պետք է հարցաքննվի դատարանում և հայտնի, թե հակառակորդի հավանական հարձակման վերաբերյալ, որպես նախագահ, ի՞նչ տեղեկություններ է ունեցել, ո՞ւմից և ե՞րբ է ստացել, ո՞ւմ հետ է քննարկել: Ցուցմունք ունենք, կոնկրետ դեպքում էդ ցուցմունք տվող անձը ասում է` ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը ամսի 26-ին գնացել է ինչ-որ, մի հատ ասել է` էս 2 օրը պատերազմ է սկսվում, հիմա հարց է առաջանում` Արայիկ Հարությունյանը էդ տեղեկությանը տիրապետել է, թե չէ:
Պաշտպանը միջնորդեց նաև դատարան հրավիրել ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին, բացի այդ, խնդրեց գործին կցել և որպես ապացույց ուսումնասիրել Աժ քննիչ հանձնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու հարցուպատասխանը։ Միջնորդությունների քննությունը կշարունակվի հուլիսի 14-ի:
Հեղինակ` Տաթև Խաչատրյան