Բաթումի-Երևան գնացքը չի հասնի նշանակման վայր: Պատճառը Վրաստանի արևմտյան հատվածում սողանքն է: Այս մասին հայտնում է Վրաստանի երկաթուղին:
«Բաթումի-Երևան»-ը մեկն է այն վեց գնացքներից, որոնք չեն հասնելու նշանակման վայր: Սողանքն իջել է առատ անձրևների հետևանքով և վնասել է ռելսերը:
«Որոշ պատճառներով, որոնք ընկերության վերահսկողությունից դուրս են, երթևեկության վերականգնման ժամկետը հայտնի չէ: Միաժամանակ, ելնելով անվտանգության ապահովման նպատակներից, անկախ երթևեկության վերականգնումից, ներկա դրությամբ այս հատվածով ուղևորների տեղափոխումը նպատակահարմար չէ»,- հայտնում են երկաթուղուց:
Բոլոր այս գնացքները կհասնեն մոտակա կայարան, որպեսզի ուղևորները կարողանան լքել գնացքը կամ վերադառնալ մեկնարկային վայր: Ընկերությունը խոստանում է վերադարձնել տոմսերի համար վճարված գումարները: