Արցախի դեմ հունիսի 28-ին Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի հետևանքով զոհված չորս զինծառայողից երկուսի մարմինները ՀՀ տեղափոխելու և Եռաբլուրում հուղարկավորելու նրանց ծնողների խնդրանքն ու Կարմիր խաչի կողմից տեղափոխման հանգամանքն ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործում է՝ պնդելու, թե իբր Արցախում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչներ կան։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ այս քայլով Բաքուն Արցախի դեմ նոր հարձակումներ նախաձեռնելու տեղեկատվական հող է նախապատրաստում, ինչի մասին արդեն խոսվում է ադրբեջանական լրատվական դաշտում։ Բաքվի կեղծ պնդումներն հերքելու նպատակով Գեղամ Ստեփանյանը, զոհված զինծառայողների հարազատների թույլտվությամբ, որպես ապացույց ներկայացրել է նրանց ծննդյան վկայականների, անձնագրերի, անձնական այլ փաստաթղթերի պատճենները.
1. Սամվել Տիգրանի Թորոսյանը ծնվել է 2003 թվականին Ստեփանակերտում: Հաճախել է Ստեփանակերտի թիվ 7 հիմնական դպրոցը։ Այնուհետև կրթությունը շարունակել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջին մասնագիտական կրթական ծրագրում: Սամվելը բարձրագույն կրթություն էր ստանում Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանում։ Նա Արցախի քաղաքացի էր, հաշվառված էր Ստեփանակերտում: Զորակոչվել է Ստեփանակերտի զինվորական կոմիսարիատից։ Ընտանիքը և հարազատները մշտապես բնակվում են Ստեփանակերտում։
2. Երվանդ Հովհաննեսի Թադևոսյանը ծնվել է 2003 թվականին Լեռնային Ղարաբաղի Բերձոր քաղաքում։ Հաճախել է Բերձորի թիվ 2 միջնակարգ դպրոցը։ Երվանդն Արցախի քաղաքացի էր, հաշվառված էր Բերձորում։ Զորակոչվել է Քաշաթաղի զինվորական կոմիսարիատից։ 2020 թ. պատերազմից հետո Երվանդ Թադևոսյանի ընտանիքը՝ որպես բռնի տեղահանված ընտանիք, ապաստան է գտել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզում՝ շարունակելով պահպանել Արցախի քաղաքացիությունը։
Ներկայացված փաստաթղթերի շուրջ հնարավոր շահարկումները կանխելու համար Գեղամ Ստեփանյանն ընդգծել է՝ Արցախի բոլոր քաղաքացիների անձը հաստատող փաստաթղթերը տրվում են Հայաստանի Հանրապետության կողմից՝ հաշվառման հասցեի տարբերությամբ. դա կիրառվում է միջազգային չճանաչվածության պատճառով, որ Արցախի բնակիչները կարողանան ճամփորդել և իրենց իրավունքները նաև այլ երկրներում իրացնել. այդ մոտեցումը, ի դեպ, կիրառվում է աշխարհի գրեթե բոլոր չճանաչված պետությունների քաղաքացիների համար:
Արցախի Պաշտպանության բանակի շարքերում իբր թե ՀՀ քաղաքացիների զինծառայության վերաբերյալ ադրբեջանական կեղծ պնդումներին արձագանքելով՝ Գեղամ Ստեփանյանը հավելել է՝ իրենց շարունակական փաստահավաք ջանքերը վկայում են, որ 2021 թ. ի վեր Արցախում զինծառայություն են իրականացնում միայն Արցախի քաղաքացիներն ու բնակիչները: