Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ելույթ ունենալով խորհրդարանում, անդրադարձել է Աբխազիայով անցնող երկաթուղու վերականգնման հարցին:
«Աբխազիայի տարածքով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարց չի քննարկվում: Դա հնարավոր կլինի միայն մեր երկրի ամբողջականության, միավորման դեպքում»,- հայտարարել է վարչապետը:
Ղարիբաշվիլին մեկնաբանել է նաև խոսակցություններն այն մասին, թե, իբր, այդ հարցի շուրջ գաղտնի բանակցություններ են ընթանում Վրաստանի և Ռուսաստանի միջև։
«Պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ հարցի շուրջ որևէ բանակցություն չի ընթանում։ Մենք չունենք որևէ գաղտնի օրակարգ, դուք գիտեք մեր բոլոր խոսակցությունների մասին»,- ասել է նա:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունիսի 28-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան բոլոր ջանքերը գործադրում է Ռուսաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության բացման լայնածավալ ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ: