Այսօր Արցախի կառավարության մի շարք պատասխանատուների հետ քննարկվել են Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և առաջիկա անելիքները: Այդ մասին ասված է Արցախի պետնախարարի Ֆեյսբուքի էջում։
«Քննարկման արդյունքում ընդունվել են հետևյալ որոշումները.
1. Հաջորդ շաբաթվա ընթացքում Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում կսահմանվեն մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին շաքարավազ և ձեթ իրացնելու կետեր, և կկազմակերպվի իրացում, իսկ գյուղական համայնքներին կփոխանցվի տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով.
2. Հաջորդ շաբաթվանից սահմանափակումներ են մտցվելու հանրային սննդի օբյեկտների գործունեության մեջ.
3. Միջոցներ են ձեռարկվելու հասարակական տրանսպորտը բեռնաթափելու ուղղությամբ՝ պետական համակարգում աշխատողներին հնարավորություն ընձեռելով աշխատանքն իրականացնել տնից՝ հեռավար կարգով:
Հիշեցման կարգով նշենք, որ սոցիալական որոշ խմբերի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը աջակցության կարգով արդեն տրամադրել է տարբեր տեսակի սննդամթերք»,- նշված է գրառման մեջ: