Լատինական Ամերիկայի մի շարք առաջնորդներ դեմ են արտահայտվել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությանը Եվրամիության և Լատինական Ամերիկայի ու Կարիբյան ավազանի երկրների համայնքի (CELAC) առաջիկա գագաթնաժողովին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ղեկավարը, նրա խոսքերը մեջբերում է U.S. News-ը:
Զելենսկին ասել է, որ հրավեր էր ստացել Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսից, սակայն Լատինական Ամերիկայի որոշ երկրների ղեկավարներ արգելափակել են իրեն։ Նաև, ըստ նրա, Լատինական Ամերիկայի ոչ բոլոր երկրներն են պաշտպանում Կիևի՝ կորցրած տարածքները վերադարձնելու ցանկությունը։
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ հույս ունի օգտագործել Մադրիդի նախագահությունը ԵՄ Խորհրդում՝ Լատինական Ամերիկայում ազդեցություն ձեռք բերելու համար։ «Մենք խաղաղության բանաձև ունենք, և Պեդրոն աջակցում է դրան: Նա մշտական երկխոսություն է վարում Լատինական Ամերիկայի հետ, և նրանք լսում են իրեն»,- ասել է Զելենսկին։
Նրա խոսքով, Սանչեսն օգնել է Կիևին Լատինական Ամերիկայի պետություններում խաղաղության ուկրաինական բանաձևի տարածման հարցում։
Հուլիսի 1-ից Իսպանիան Շվեդիայից վեց ամսով ստանձնել է ԵՄ Խորհրդի նախագահությունը։